«Նշել, որ Երևան քաղաքում մանկապարտեզներ չեն կառուցվել, դա, չգիտեմ արդեն ինչ, որ կատեգորիայի սուտ է։ Ինձ թվում է՝ դրանից էն կողմ էլ բան չկա։ Ուրիշ որևէ բանի մասին հլը կարող է ինչ-որ տեղ կարողանային խոսել, բայց ոչ մանկապարտեզներից։ Ու մարդիկ, ում իշխանությունների օրոք էս մանկապարտեզները օտարվում էին՝ տասնյակներով»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսպես արձագանքեց Ազգային ժողովի նիստերից մեկում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ավագանու նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանի հայտարարություններին։
2019-2025 թվականներին մայրաքաղաքում 45 մանկապարտեզ է հիմնանորոգվել, վերակառուցվել կամ կառուցվել զրոյից։ Որոշ դեպքերում հին շենքը պարզապես չի վերանորոգվել․ այն քանդվել ու նույն տեղում նորն է կառուցվել։
Թվերի հետևում կոնկրետ հասցեներ ու նոր շենքեր են։ 138-րդ մանկապարտեզը դրանցից մեկն է։ 1965-ին կառուցված շենքը տասնամյակներ շարունակ հիմնանորոգված չէր։ 2021-ին այստեղ սկսվեց ոչ թե հերթական նորոգումը, այլ ամբողջական վերակառուցում։
«Հին մանկապարտեզի տեղում կառուցվել է նոր՝ 3-հարկանի, շատ հարմարավետ, լուսավոր, գեղեցիկ պարտեզ՝ գեղեցիկ բակով, լուսավոր սենյակներով, երկու դահլիճով»։
Նոր շենքը փոխել է նաև մանկապարտեզի հնարավորությունները։ Երեք խմբի փոխարեն այժմ գործում է վեցը, իսկ հաստատություն է հաճախում շուրջ 188 երեխա։
«Միանշանակ շնորհակալ ենք մեր քաղաքապետարանին, մեր քաղաքապետին, որ նախաձեռնեցին այս գեղեցիկ շենքը կառուցելու գործընթացը»։
Այս մանկապարտեզը միակը չէ։ Քաղաքապետարանի տվյալներով՝ աշխատանքները տարբեր տարիներին ընդգրկել են տասնյակ մանկապարտեզներ, իսկ ծրագիրը շարունակվում է նաև հիմա։
Միաժամանակ քաղաքապետարանում ընդունում են՝ շինարարական գործընթացներում խնդիրներ լինում են, բայց դրանք պետք է լուծվեն մինչև աշխատանքների ավարտը։
«Լինում են, այո, որոշակի թերություններ, բայց այդ թերություններն ուղղելով՝ առաջ ենք շարժվում։ Եվ չի լինելու մի մանկապարտեզ, որ նկատենք՝ թերություն կա, ու ամեն ինչ չարվի, որ այդ թերությունը վերանա»։
Իսկ ծավալը տարեցտարի փոխվել է։ 2019-ին աշխատանքներ են եղել մեկ մանկապարտեզում, 2021-ին՝ արդեն 13-ում, 2022-ին՝ 7-ում, 2023-ին՝ 10-ում, 2024-ին՝ 6-ում, 2025-ին՝ 3-ում։
[Գրաֆիկը՝ էկրանին]
2026-ին արդեն երկու մանկապարտեզ շահագործման է հանձնվել, երեքում շինարարություն է սկսվել, ևս երեք նոր մանկապարտեզ է կառուցվում, իսկ 150-րդը՝ վերակառուցվում։ «Ունենք, օրինակ, նախագծեր, որ այդ նախագծերը գնալով տարեցտարի զարգանում են, նաև պահանջներն են մանկապարտեզների նկատմամբ նախագծերում տարեցտարի ավելանում»։
Այսինքն՝ 45-ը վերջնական թիվ չէ։ Քաղաքապետարանում ասում են՝ հաջորդ փուլում ևս մի քանի տասնյակ մանկապարտեզների նախագծերն են առաջ շարժվում։ Այդ թվում՝ 1-ին, 40-րդ, 59-րդ և «Վերոնիկա» մանկապարտեզները, որոնք նախատեսվում է կառուցել զրոյից։
«Նախագծերը շուտով կունենան իրենց ավարտը, և համալիր փորձաքննությունից հետո ամբողջությամբ կգնանք շինարարության մրցույթին»։
Այս պահին քաղաքապետարանի համար հարցը միայն հին շենքերը նորով փոխարինելը չէ։ Նոր նախագծերում բարձրանում են նաև անվտանգության, էներգախնայողության և հարմարավետության պահանջները։
Երևանի քաղաքապետարանը խոստանում է՝ Երևանի քարտեզում տարեցտարի կավելանան նոր, ժամանակակից ու բարեկարգ մանկապարտեզները, և այս թիվը դեռ կշարունակի աճել։ Իսկ նպատակը մեկն է՝ ստեղծել երեխաների համար անվտանգ, հարմարավետ և զարգացնող միջավայր՝ ապահովելով որակյալ նախադպրոցական կրթության հասանելիությունը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։
