Ո՞ր երկրների հետ է Հայաստանը սկսել շատ առևտուր անել

Ո՞ր երկրների հետ է Հայաստանը սկսել շատ առևտուր անել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը 2026 թվականի առաջին կիսամյակում գրեթե չի փոխվել, սակայն դրա կառուցվածքում էական տեղաշարժեր են արձանագրվել։

Էականորեն նվազել է ԵԱՏՄ-ի և ՌԴ-ի հետ առևտուրը, մինչդեռ ԵՄ-ի և Չինաստանի հետ առևտրաշրջանառությունն աճել է։ Միաժամանակ կտրուկ անկում է գրանցվել Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ։

2025 թվականի հունվար-հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել էր 9 մլրդ 580 մլն դոլար։ Այս տարվա նույն ժամանակահատվածում իրականացվել է 9 մլրդ 571 մլն դոլարի առևտուր։ Այսինքն, ընդհանուր ծավալը նվազել է ընդամենը 9 մլն դոլարով կամ 0.1 տոկոսով։

Առաջին հայացքից փոփոխությունը գրեթե նկատելի չէ, սակայն արտահանման և ներմուծման ցուցանիշները ցույց են տալիս այլ պատկեր։

Հայաստանի արտահանումը տարվա առաջին վեց ամիսներին նվազել է 6.7 տոկոսով՝ 3 մլրդ 677 մլն դոլարից հասնելով 3 մլրդ 431 մլն դոլարի։ Ներմուծումը, հակառակը, աճել է 4 տոկոսով՝ 5 մլրդ 903 մլն դոլարից հասնելով 6 մլրդ 140 մլն դոլարի։

Արտաքին առևտրաշրջանառության մեջ նկատելի է ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես՝ ՌԴ-ի հետ առևտրի նվազումը։

Թեև Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը (ընդհանուր առևտրի 27.5 տոկոսը), սակայն 2026 թվականի առաջին կիսամյակում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը զգալիորեն կրճատվել է։

2025 թվականի հունվար-հունիսին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը կազմել էր 3 մլրդ 326 մլն դոլար։ Այս տարվա նույն ժամանակահատվածում այն նվազել է մինչև 2 մլրդ 630 մլն դոլար։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում առևտրաշրջանառությունը նվազել է մոտ 696 մլն դոլարով կամ 20.9 տոկոսով։

Փոխվել է նաև Ռուսաստանի կշիռը Հայաստանի արտաքին առևտրում։ Եթե 2025 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանին բաժին էր ընկնում ընդհանուր առևտրաշրջանառության 34.7 տոկոսը, ապա այս տարի այդ ցուցանիշը նվազել է մինչև 27.5 տոկոս։

Ռուսաստանի ուղղությամբ հատկապես մեծ է ներմուծման անկումը։ Հայաստանից Ռուսաստան արտահանումը 1 մլրդ 281 մլն դոլարից նվազել է մինչև 1 մլրդ 228 մլն դոլար՝ 4.2 տոկոսով։ Ռուսաստանից ներմուծումը, սակայն, նվազել է շատ ավելի կտրուկ՝ 2 մլրդ 45 մլն դոլարից հասնելով 1 մլրդ 403 մլն դոլարի։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ներմուծումը կրճատվել է 31.4 տոկոսով։

Ռուսաստանի հետ առևտրի նվազումն իր ազդեցությունն է ունեցել նաև ԵԱՏՄ-ի ընդհանուր ցուցանիշի վրա։ ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2025 թվականի առաջին կիսամյակի 3 մլրդ 475 մլն դոլարից 2026 թվականի նույն ժամանակահատվածում նվազել է մինչև 2 մլրդ 816 մլն դոլար։ Այսինքն՝ անկումը կազմել է մոտ 659 մլն դոլար կամ 19 տոկոս։

ԵԱՏՄ-ի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտաքին և փոխադարձ առևտրում 36.3 տոկոսից նվազել է մինչև 29.4 տոկոս։

Նկատենք, սակայն, որ ԵԱՏՄ-ի մյուս անդամների հետ պատկերը նույնը չէ։ Բելառուսի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 102.9 մլն դոլարից աճել է մինչև 122.3 մլն դոլար։ Աճել է նաև Ղազախստանի և Ղրղզստանի հետ առևտուրը։

Սակայն այդ երկրների հետ առևտրի աճը ծավալով չի համեմատվում Ռուսաստանի ուղղությամբ արձանագրված անկման հետ, ինչի արդյունքում ԵԱՏՄ-ի ընդհանուր ցուցանիշը նվազել է։

ԵՄ-ի հետ առևտուրն աճել է գրեթե կեսով

Եվրամիության ուղղությամբ պատկերը հակառակն է։ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել էր 1 մլրդ 160 մլն դոլար։ 2026 թվականի նույն ժամանակահատվածում այն հասել է 1 մլրդ 695 մլն դոլարի։ Այսինքն՝ ԵՄ-ի հետ առևտուրն ավելացել է մոտ 536 մլն դոլարով կամ 46.2 տոկոսով։

ԵՄ-ի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտաքին և փոխադարձ առևտրում նույնպես աճել է՝ 12.1 տոկոսից հասնելով 17.8 տոկոսի։

Այս աճին նպաստել են ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը, սակայն արտահանման աճի տեմպը զգալիորեն ավելի բարձր է եղել։ Հայաստանից ԵՄ երկրներ արտահանումը 286.6 մլն դոլարից հասել է 516.5 մլն դոլարի՝ աճելով 80.2 տոկոսով։ ԵՄ երկրներից ներմուծումը 873 մլն դոլարից աճել է մինչև 1 մլրդ 179 մլն դոլար՝ 35 տոկոսով։

Այսինքն, ԵՄ-ի հետ առևտրի աճի պայմաններում Հայաստանից ԵՄ արտահանումն ավելացել է ավելի քան երկու անգամ ավելի արագ, քան ներմուծումը։

ԵՄ երկրների շարքում առանձնանում է Բուլղարիայի ուղղությունը։ Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրաշրջանառությունը 2025 թվականի առաջին կիսամյակի 41.9 մլն դոլարից 2026 թվականի նույն ժամանակահատվածում հասել է 223.3 մլն դոլարի։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում այն աճել է ավելի քան հինգ անգամ։

Հատկապես մեծ է եղել Հայաստանից Բուլղարիա արտահանման աճը՝ 29.7 մլն դոլարից հասնելով 179.7 մլն դոլարի։

ԱՄԷ-ի ուղղությամբ՝ կտրուկ անկում

Հայաստանի արտաքին առևտրի մյուս խոշոր փոփոխությունը գրանցվել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրում։

2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը կազմել էր 1 մլրդ 129 մլն դոլար։ 2026 թվականի նույն ժամանակահատվածում այն նվազել է մինչև 307.4 մլն դոլար։ Այսինքն՝ անկումը կազմել է 72.8 տոկոս։

Փոփոխության հիմնական պատճառն արտահանման կտրուկ նվազումն է։ Հայաստանից ԱՄԷ արտահանումը 1 մլրդ 90 մլն դոլարից նվազել է մինչև 280 մլն դոլար՝ 74.3 տոկոսով։

Ըստ շրջանառվող կարծիքի՝ դեպի ԱՄԷ հիմնականում ռուսական արտադրանք է վերաարտահանվել, սակայն հիմա այդ շղթան կտրվել է։

Չինաստանի հետ առևտուրն աճել է 23 տոկոսով

Չինաստանը ևս Հայաստանի արտաքին առևտրի այն խոշոր ուղղություններից է, որտեղ աճ է արձանագրվել։

2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել էր 1 մլրդ 197 մլն դոլար։ 2026 թվականի նույն ժամանակահատվածում այն հասել է 1 մլրդ 471 մլն դոլարի։ Աճը կազմել է 22.9 տոկոս։

Չինաստանի մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրում 12.5 տոկոսից հասել է 15.4 տոկոսի։

Այստեղ ևս առավել ուշագրավ է արտահանման շարժը։ Հայաստանից Չինաստան արտահանումը 288.3 մլն դոլարից հասել է 526.5 մլն դոլարի՝ աճելով 82.6 տոկոսով։ Չինաստանից ներմուծումը նույնպես աճել է, սակայն շատ ավելի դանդաղ՝ 908.9 մլն դոլարից հասնելով 944.7 մլն դոլարի։

Արման Գալոյան

Leave a Comment