Համընդհանուր ժամանակը ցանկանում են չպայմանավորել Երկրի պտույտով – armeniatoday.am

Միջազգային կշռի և չափման բյուրոն կարող է հոկտեմբերին քվեարկել այն հարցի շուրջ, թե արդյոք վերջնականապես անջատել համընդհանուր ժամանակի ստանդարտը Երկրի պտույտից և կանխել լուրջ տեխնոլոգիական խափանումը, հայտնում է բրիտանական The Times թերթը։

Դարեր շարունակ օրվա տևողությունը որոշվել է մոլորակի պտույտով։ Սակայն նոր տեխնոլոգիաների ի հայտ գալու հետ մեկտեղ հորինվել են ավելի ճշգրիտ ժամացույցներ, որոնք չափում են ժամանակը ցեզիումի ատոմների տատանումների միջոցով։ Երկրի անկայուն պտույտի պատճառով, որը պայմանավորված է մթնոլորտի, օվկիանոսների շարժման և արտաքին միջուկում հեղուկ երկաթի խառնման ազդեցությամբ, չափումների միջև տարբերություն է առաջանում. մեկը որոշվում է Երկրի պտույտով, մյուսը՝ ատոմի ճշգրիտ շարժումով։ Այս բացը լրացնելու համար 1972 թվականին ներդրվել է վայրկյանների նահանջը։ Վերջին 54 տարիների ընթացքում գիտնականները համընդհանուր ժամանակին (UTC) ավելացրել են 27 վայրկյան։

Ըստ թերթի՝ նախկինում ենթադրվում էր, որ Երկրի պտույտը դանդաղում է,սակայն վերջին տարիներին մոլորակը սկսել է մի փոքր ավելի արագ պտտվել: Այս փոփոխությունը կարող է ստիպել գիտնականներին պատմության մեջ առաջին անգամ բաց թողնել մեկ վայրկյան:

Մեծ Բրիտանիայի Ազգային ֆիզիկական լաբորատորիայի առաջատար հետազոտող Սեթնամ Շեմարի խոսքով՝ մեկ վայրկյան բաց թողնելը մարդկանց համար աննկատ կմնա: Այնուամենայնիվ, դա կարող է խնդիրներ ստեղծել համակարգիչների համար: «Շատ համակարգչային ծրագրեր ենթադրում են, որ բոլոր նահանջ վայրկյանները դրական են, ուստի դրանք պետք է վերաշարադրվեն», – մեջբերում է հրատարակությունը նրա խոսքերը: Մեկ վայրկյան հանելը, հավելել է նա, կարող է մեծացնել «մեծ տեխնոլոգիական խափանման» ռիսկը, որը կազդի հեռահաղորդակցության, էլեկտրացանցերի, արբանյակների և այլ տեխնոլոգիաների վրա:

Կշռերի և չափերի միջազգային բյուրոն, ինչպես սպասվում է, 2026 թվականի հոկտեմբերին Վերսալում կայանալիք իր գլխավոր համաժողովում կքվեարկի նահանջ վայրկյանը վերացնելու օգտին՝ լայնածավալ խափանումների ռիսկը կանխելու համար: The Times-ի կողմից մեջբերված նախագծի առաջարկի համաձայն՝ նահանջ վայրկյանների օգտագործումը կդադարի 2027 թվականի մայիսի 20-ին: Դրա փոխարեն, ատոմային ժամանակը աստիճանաբար կհեռանա Երկրի պտույտից, և այս բացը, ի վերջո, կարող է ընդլայնվել մինչև մեկ ժամ: Ինչպես նշում է Շեմարը, նման բացի հասնելը կարող է տևել առնվազն 1000 տարի։

Leave a Comment