Ավտոմեքենաները պետք է հանել կանգառներից․ Ավինյանը նշել է Երևանի ամենասուր խնդիրներից մեկը

Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է այսօրվա գերակա խնդիրները։ 

Նշելով, որ քաղաքի հիմնական խնդիրներից մեկը երթևեկության կազմակերպումն է՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է. «Դա ընդհանուր երթևեկության կազմակերպման խնդիրներն են։ Գնալով աճող մարդատար ավտոմեքենաների քանակն է։ Տարատեսակ հատվածներում ապօրինի կանգառներն են այդ ավտոմեքենաների և նույնիսկ մինչև կանգառների վերադասավորումը մեր հանրային տրանսպորտի»։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, թե ինչպես կարելի է այդ կանգառներից ավտոմեքենաները հանել, որպեսզի հանրային տրանսպորտը երկրորդ գծում չկանգնի։ Քաղաքապետն ընդգծել է, որ սա այս պահին քաղաքի ամենասուր խնդիրներից մեկն է։

Անդրադառնալով ավտոբուսային և առանձնացված ավտոբուսային գծերին՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ դրանք այլընտրանք չունեն և ապահովելու են հանրային տրանսպորտի արագ տեղափոխությունը քաղաքով մեկ։

Նրա խոսքով՝ շատ դեպքերում արձանագրվում է, որ հանրային տրանսպորտում խնդիրը ոչ թե ավտոբուսների քանակն է, այլ ընդհանուր առմամբ փողոցների ծանրաբեռնվածությունը, որը նաև բերում է կանգառներում մարդկանց ծանրաբեռնվածության և հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկման։

«Եվ հետևապես մեր հանրային տրանսպորտի երթևեկելի գոտիները պետք է լինեն մեզ համար առաջնահերթ»,- ընդգծել է քաղաքապետը։

Տիգրան Ավինյանը, անդրադառնալով իրականացվող աշխատանքներին, խնդրել է կենտրոնանալ նշված խնդիրների վրա և շաբաթական ռեժիմով ներկայացնել, թե ինչ է արվում դրանց ուղղությամբ։

«Նամանավանդ, որ ես գիտեմ, որ արդեն ունենք կոնկրետ տվյալներով հագեցած համակարգեր, և այդ համակարգերը, կարծում եմ, պետք է ի ցույց դրվեն, որպեսզի նաև երևանցիները տեսնեն, թե ինչ է անում մեր նոր հիմնարկը»,- նշել է նա։

Leave a Comment