Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը՝ վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը. հայտնում են Մայր աթոռից։
«Այս իրավիճակն անմիջական հետևանքն է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների բացահայտ հովանավորության և թողտվության, որով ուղղակի ոտնահարվում են ՀՀ օրենքները և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքները։ Հովհաննավանքի բռնազավթված լինելու իրողությունը, տեղ գտնող ինքնիրավչությունը նաև վիրավորում են հավատացելոց բարեպաշտական զգացումները, ոտնահարում իրավունքները՝ անվավեր ծեսերով ու խորհրդակատարություններով մոլորության մեջ գցելով բարեպաշտ այցելուներին։
Անթույլատրելի նկատելով այս երևույթները՝ Մայր Աթոռը վերստին կոչ է ուղղում պատկան պետական մարմիններին՝ զերծ մնալու եկեղեցական կյանքին պառակտիչ միջամտություններից և վերականգնելու զավթյալ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «Իշխանություն» լրատվականը սեպտեմբերի 6-ին այս տեղեկությունն էր տարածել.
ԱՀԱԶԱՆԳ․ Հովհաննավանքից «բլատնոյ» է հնչում, փարթիներ, կերուխում են կազմակերպում
«Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստանում Օհանավանից։ Բնակիչները մեր խմբագրությանը տեսանյութ են տրամադրել և պնդում են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն։
«Մինչեւ ուշ երեկո հնչող ռուսական բլատնոյ եւ ռաբիզ երաժշտությունը, թամադաների ու հարսանքավորների աղմուկ-աղաղակը խաթարում են եկեղեցու աղոթական և հոգևոր մթնոլորտը։ Դարեր շարունակ աղոթքի ու խոկման վայր եղած Հովհաննավանքը պղծում են, ինչ ասես անում են եկեղեցու տարածքում»,- «Իշխանությանը» պատմեց ահազանգած օհանավանցին։
Բնակիչների փոխանցած տեղեկությունները «Իշխանության» հետ զրույցում հաստատեց նաև Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիսը։
Նրա խոսքով՝ նախկինում եկեղեցու տարածքում անգամ մեկ ֆուրշետի կամ բարձր երաժշտության համար հոգևորականները թեմակալ առաջնորդից խիստ նկատողություն էին ստանում։ Մինչդեռ այսօր Ստեփան Ասատրյանը, ըստ նրա, որևէ եկեղեցական իշխանության չի ենթարկվում և տարածքում «ինչ ուզում անում է»։
«Հիմա իրեն խանգարող չկա՝ ինչ ուզում, անում է։ Մեզ չի ենթարկվում։ 24 ժամ ոստիկաններ կան, իրեն հսկում են, անգամ հոգեհանգստի ժամանակ ոստիկանները հետը գնում են, կողքին կանգնում։ Ես Հովհաննավանքի քահանան եմ, բայց չեմ կարողանում գնալ եկեղեցի»,- ասաց Տեր Սարգիսը։