Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված և Ներքին գործերի նախարարության կողմից մշակված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2016 թվականի հունիսի 28-ի թիվ 11-Ն և 2017 թվականի փետրվարի 18-ի թիվ 3-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը։
Որ հրամանների մասին է խոսքը
Ուժը կորցրած կճանաչվեն ոստիկանության պետի՝
- 2016 թվականի հունիսի 28-ի թիվ 11-Ն հրամանը, որով սահմանվել էին ոստիկանության մեդալների, կրծքանշանների, պատվոգրի և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման ձևերն ու նկարագրերը,
- 2017 թվականի փետրվարի 18-ի թիվ 3-Ն հրամանը, որով սահմանվել էին ոստիկանության ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, ինչպես նաև խրախուսանքների կիրառման սահմանները, կարգն ու պայմանները։
Ինչո՞ւ են հին կարգավորումները փոխվում
Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ոստիկանությունում ծառայության վերաբերյալ օրենսդրության փոփոխություններով։
2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով վերանայվել են ոստիկանությունում ծառայության կազմակերպման, այդ թվում՝ ոստիկանության ծառայողների խրախուսման հետ կապված հարաբերությունների կարգավորումները։
Նոր իրավակարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո գործող ենթաօրենսդրական ակտերը անհրաժեշտ է համապատասխանեցնել նոր օրենսդրությանը։
Բացի այդ, 2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է նաև «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքը, որի կիրարկման շրջանակում նախատեսվել է գործող ենթաօրենսդրական իրավական ակտերի վերանայում և նոր կարգավորումներին համապատասխանեցում։
Ինչպե՞ս կկարգավորվեն մեդալների և կրծքանշանների հարցերը
Հին հրամանների ուժը կորցրած ճանաչելուց հետո ոստիկանության ծառայողների մեդալների և կրծքանշանների հետ կապված հարաբերությունները նախատեսվում է կարգավորել ՀՀ ներքին գործերի նախարարի նոր իրավական ակտերով։
Մասնավորապես, նախատեսվում է ընդունել նախարարի հրաման՝ ոստիկանության ծառայողի մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանելու վերաբերյալ։
Այսինքն՝ գործող համակարգը պարզապես չի վերացվի․ նախատեսվում է այն փոխարինել նոր իրավակարգավորմամբ։
Կփոխվի նաև խրախուսումների հաշվառումը
Նոր կարգավորումներով նախատեսվում է սահմանել նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսումների և կարգապահական տույժերի հաշվառման կարգը։
Այսպիսով, կստեղծվի խրախուսումների վերաբերյալ տվյալների հաշվառման միասնական իրավական հիմք։
Պետբյուջեից լրացուցիչ գումար չի պահանջվի
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում կամ ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
Ի՞նչ արդյունք է ակնկալվում
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է գործող իրավակարգավորումներից հանել այն հրամանները, որոնք այլևս չեն համապատասխանում ոստիկանությունում ծառայության ոլորտում ձևավորված նոր իրավական կարգավորումներին։
Միաժամանակ, կստեղծվեն իրավական հիմքեր ոստիկանության ծառայողների խրախուսման, այդ թվում՝ մեդալների և կրծքանշանների շնորհման նոր կարգի սահմանման համար։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների նպատակն է ապահովել ոստիկանության ծառայողների ծառայողական ձեռքբերումների ճանաչման և խրախուսման գործընթացի արդիական և միասնական իրավական հիմքերը։
Նոր հրամանը նախատեսվում է ուժի մեջ մտցնել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ։