UFC-ի նախագահը կոշտ է արձագանքել Արման Ծառուկյանի խոսքերին

UFC-ի նախագահ Դանա Ուայթը չի շտապում հաստատել, որ թեթև քաշային կարգում Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի առաջիկա մենամարտը հավակնորդական կլինի, ինչպես ավելի վաղ պնդում էր հայ մարտիկը:

Թեև Ծառուկյանը վստահեցնում է, որ այս դիմակայությունում հաղթելու դեպքում գոտու համար է պայքարելու, կազմակերպության ղեկավարը որոշել է իրադարձություններից առաջ չընկնել։

«Ես չեմ սիրում նման բաներ խոսել, քանի դեռ մենամարտը չի ավարտվել։ Արմանը շատ բաներ է ասում, բայց եկեք նախ տեսնենք, թե ինչպես կավարտվի այս ամենը»,- նշել է Ուայթը Sports Central-ին տված հարցազրույցում։

Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, թե բրազիլացու հետ մենամարտին համաձայնելիս UFC-ի ղեկավարությունից երաշխիքներ է ստացել. հաղթանակի դեպքում նրա հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային։

Հատկանշական է, որ Ռուֆին նույնպես վստահ է, թե հաջողության հասնելու դեպքում հենց ինքն է պայքարելու չեմպիոնական գոտու համար։

Հայ և բրազիլացի մարտիկների հակամարտությունը կկայանա Լոս Անջելեսում՝ UFC 331 մրցաշարի շրջանակներում։

Leave a Comment