Ուկրաինայում հանցավոր խմբավորում են բացահայտել հենց Գլխավոր դատախազությունում

Ուկրաինայի ազգային Հակակոռուպցիոն բյուրոն եւ Հակակոռուպցիոն հատուկ դատախազությունը հայտարարել են Գլխավոր դատախազության գրասենյակի ղեկավարներից մեկի գլխավորած հանցավոր կազմակերպության բացահայտման մասին։

Ենթադրվում է, որ խմբի անդամները կաշառք են ստացել խարդախությամբ զբաղվող Զանգերի կենտրոններից եւ լվացել ապօրինի ձեռք բերված միջոցները։

Հակակոռուպցիոն անկախ մարմինների կողմից «Կարթագեն» անունն ստացված գործողության արդյունքում նախօրեին սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որում ներկայացված են խմբի անդամների գաղտնալսված խոսակցությունների ձայնագրություններն ու տեսանյութերը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ 2025 թվականի կեսերին Գլխավոր դատախազության աշխատակիցներից մեկը ստեղծել է զանգերի կենտրոնները հովանավորող խմբավորում եւ դրանցից գումարներ ստացել։

Այդ կենտրոնների աշխատակիցները զանգահարում էին Ուկրաինայի եւ եվրոպական երկրների բնակիչներին եւ խարդախ սխեմաների միջոցով նրանցից գումար կորզում։

Կիրակի օրը Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը կալանավորել է Գլխավոր դատախազության գրասենյակի միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կրապիվային։

Նրա համար սահմանվել է 120 միլիոն գրիվնա (մոտ 2,7 միլիոն դոլար) գրավ։

«Украинская правда»- ն գրել է, որ իրենց աղբյուրների տվյալներով՝ հենց Կրապիվան է հետաքննության գլխավոր կասկածյալը։

Լրատվամիջոցների վարկածով՝ «Շեֆ» կեղծանվան տակ կարող է թաքնված լինել Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն։

Սակայն ինքը՝ Կրավչենկոն, կիրակի օրը մի քանի անգամ հայտարարել է, որ «որեւէ կապ չունի ապօրինի զանգերի կենտրոնների հովանավորման հետ»։

Գլխավոր դատախազը հանձնարարել է ստուգել միջազգային համագործակցության դեպարտամենտի, ինչպես նաեւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման աշխատանքը։

Բացի այդ, Կրավչենկոն հայտնել է, որ դատախազության բոլոր  աշխատակիցները, որոնք առնչվում են ապօրինի զանգերի կենտրոնների գործերի քննությանը, պետք է պոլիգրաֆով ստուգում անցնեն։

Հանգստյան օրերին լրատվամիջոցները հայտնել էին, որ Գլխավոր դատախազության գրասենյակում խուզարկություններ են իրականացվել։ Կրավչենկոն հայտարարել է, որ քննչական գործողությունների ընթացքում Հակակոռուպցիոն մարմինների ամբողջական հասանելիություն է տրվել եւ որեւէ խոչընդոտ չի սհարուցվել։

Գլխավոր դատախազթ նաեւ պնդում է, որ այն գումարներով պահարանը, որի լուսանկարը տարածվել էր լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում, իր ղեկավարած գրասենյակի եւ իր աշխատասենյակի հետ կապ չունի։

«Խոսակցությունները պարզապես խոսակցություններ են, ինչպես եւ գումարներով պահարանի լուսանկարը պարզապես գումարներով պահարանի լուսանկար է, որը որեւէ կապ չունի ոչ ինձ, ոչ էլ Գլխավոր դատախազության հետ»,- կիրակի երեկոյան գրել է գլխավոր դատախազը։

Ուկրաինայի Գլխավոր դատախազության աշխատակիցների նկատմամբ Հակակոռուպցիոն անկախ մարմինների հետաքննությունը հերթական աղմկահարույց գործն է, որն առնչվում է Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Leave a Comment