Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել մանկապարտեզներում երեխաների սննդի կազմակերպման նորմատիվի ամբողջությամբ նոր խմբագրությունը. առողջապահության նախարարի 2026 թվականի հուլիսի 30-ի N 58-Ն հրամանով նոր շարադրանք է ստացել 2025 թվականի մայիսի 5-ի N 41-Ն հրամանի հավելվածը՝ «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը, պահանջները տարածվում են բոլոր մանկապարտեզների, նախադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինչպես նաև նախադպրոցական ծրագրեր իրականացնող կրթահամալիրների վրա՝ անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից։
Ծնողն իրավունք ունի ամեն օր տեսնել ճաշացուցակը
Նորմատիվի 20-րդ կետով ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար տեսանելի տեղերումփակցվում է հաստատության ղեկավարի հաստատած ճաշացուցակը՝ կերակրատեսակների անվանումների և ծավալների նշումով։ Այսինքն՝ ծնողը կարող է ամեն առավոտ ստուգել, թե ինչ է ուտելու իր երեխան, և համեմատել այն նորմատիվի պահանջների հետ։
Ի՞նչ է պարտադիր ամեն օր
Սննդի կազմակերպման ժամանակ պարտադիր է օրական առնվազն 2 անգամ տաքխոհարարական արտադրանքի տրամադրումը։ Ճաշացուցակում ամեն օր ներառվում են առնվազն երկու չափաբաժին բանջարեղեն կամ աղցան (բացառությամբ օսլա պարունակող բանջարեղենի՝ կարտոֆիլ, կանաչ ոլոռ, եգիպտացորեն) և առնվազն երկու չափաբաժին միրգ, իսկ ամեն շաբաթ՝ առնվազն երեք տարբեր միրգ և երեք տարբեր բանջարեղեն։ Ամեն օր տրամադրվում են կաթ կամ կաթնամթերք և սպիտակուցի աղբյուր՝ միս, ձուկ, ձու կամ լոբազգիներ (ձուկը՝ շաբաթական ոչ ավելի քան 2 անգամ), իսկ խմելու ջուրը հասանելի է մշտապես։
Ի՞նչ է արգելված ճաշացանկում
Սննդային թունավորումների և վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով մանկապարտեզներում չի օգտագործվում, մասնավորապես՝ երշիկեղենը, հում ապխտած մսից ուտեստները (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ), կրեմային հրուշակեղենը՝ տորթեր, հրուշակներ, պաղպաղակը, ժելեն, կարամելը, քաղցրացուցիչներ պարունակող սննդամթերքը, սունկը և դրանից պատրաստված կերակրատեսակները, խաշը և դոնդողածածկ արտադրանքը, աղացած մսով մակարոնը, տնային պայմաններում կամ մանկապարտեզի խոհանոցում պատրաստված պահածոներն ու կաթնաթթվային մթերքը, նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակները, չեռացրած կաթը, թերխաշ ու հում ձուն։ Միսը և ձուկն ընդունվում են միայն թարմ վիճակում. կրկնակի կամ խորը սառեցված և հալեցված մսամթերքն ու ձկնամթերքն արգելված են։
Առողջ սննդի սկզբունքից ելնելով՝ արգելված են նաև տապակած կերակրատեսակները, այդ թվում՝ կարկանդակները, փքաբլիթները, բլինչիկները և չիպսը, մարգարինը, սպրեդը և տրանսճարպերը, քացախը, մանանեխը, կծու պղպեղը և այլ կծու համեմունքներ, սուրճը և կոֆեին պարունակող բոլոր ըմպելիքները՝ ներառյալ թեյը, էներգետիկ ըմպելիքները, ավելացված շաքարով գազավորված ըմպելիքները, գետնանուշը և ծիրանի կորիզի միջուկը, մաստակը, շաքարի ու աղի բարձր պարունակությամբ սննդամթերքը։
Ուշադրություն. շոկոլադը և շոկոլադապատ արտադրանքը ճաշացանկում չեն թույլատրվում, մինչդեռ կակաոն թույլատրված է՝ ոչ ավելի քան 5 գրամ ավելացված շաքարի պարունակությամբ։ Աղը չպետք է հասանելի լինի պատրաստի սննդին ավելացնելու համար, օգտագործվում է միայն յոդացված աղ, իսկ աղցանները թթվասերով կամ մայոնեզով չեն համեմվում։
Ալերգիա ունեցող երեխաներ
Ալերգիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների սնունդը կազմակերպվում է երեխային վարող բժշկի մշակած հստակ հրահանգների կամ սննդակարգի հիման վրա՝ համաձայնեցնելով ծնողի (օրինական ներկայացուցչի) հետ։
Առանձին կանոններ՝ 6-12 ամսականների համար
Ամենափոքրերի սնուցումը կարգավորված է առանձին գլխով։ Այս տարիքային խմբում արգելվում է երեխային տալ թեյ, խոտաբույսերի թուրմ, սուրճ, մեղր, շաքար, աղ, հյութ և այլ քաղցր ըմպելիքներ, կովի կաթ՝ որպես ըմպելիք, չպաստերիզացված կաթնամթերք, և ուշագրավ նորույթ՝ պատրաստի (արդյունաբերական) մանկական սնունդ։ Ընդ որում, հավելյալ սնուցումը մանկապարտեզում տրամադրվում է միայն այն սննդատեսակներով, որոնք ծնողն արդեն ներմուծել է երեխայի ճաշացանկում, և յուրաքանչյուր երեխայի համար լրացվում է անհատական սնուցման պլան։
Կերակրման անվտանգության պահանջներն էլ են մանրամասն. երեխան պետք է նստած լինի անվտանգության ամրագոտիով բարձր աթոռին, կերակրվի դայակի չընդհատվող հսկողությամբ՝ յուրաքանչյուր երեխայի համար մեկ դայակ, իսկ կերակրման ընթացքում բացառվում է հեռուստացույցի, հեռախոսի և այլ շեղող էլեկտրոնային սարքերի օգտագործումը։ Պետք է խուսափել խեղդվելու ռիսկ առաջացնող սննդից՝ ամբողջական խաղող, հում գազար, ամբողջական ընդեղեն ու սերմեր։ Հաստատությունը պարտավոր է ունենալ կրծքով կերակրման սենյակ, կրծքի կաթը միկրոալիքային վառարանով տաքացնելն արգելվում է, իսկ պատասխանատու բուժաշխատողը ամեն օր ծնողին հաշվետվություն է տրամադրում երեխայի քնի ժամերի և ընդունած սննդի քանակի մասին։
Ինչպե՞ս է հսկվում սննդի որակը
Ամեն պատրաստի կերակրատեսակից նմուշ է վերցվում անմիջապես այն կաթսայից, որում պատրաստվել է, և պահվում առնվազն 48 ժամ սառնարանում՝ նմուշառման օրվա ու ժամի նշումով։ Գործում է խոտանորոշման հանձնաժողով, որի գնահատումից առաջ կերակրատեսակի բացթողում չի կատարվում, իսկ բուժաշխատողն ամեն օր՝ աշխատանքը սկսելուց առաջ, զննում է խոհանոցի աշխատողներին։
Ամփոփում
Ամփոփելով՝ սեպտեմբերի 1-ից գործող նոր խմբագրությամբ նորմատիվը բոլոր մանկապարտեզների համար պարտադիր է դարձնում ամեն օր ծնողներին տեսանելի ճաշացուցակը, օրական առնվազն 2 տաք սնունդը, 2 չափաբաժին բանջարեղենն ու 2 չափաբաժին միրգը, արգելում է երշիկեղենը, բաստուրման, կրեմային հրուշակեղենը, պաղպաղակը, տապակածն ու չիպսը, սուրճն ու թեյը, գազավորված քաղցր ըմպելիքները, մաստակն ու շոկոլադը, 6-12 ամսականների համար՝ նաև մեղրը, շաքարը, աղը, հյութերը և արդյունաբերական մանկական սնունդը, իսկ ամեն կերակրատեսակից նմուշը պահվում է առնվազն 48 ժամ, – տեղեկացնում է Iravaban.net–ը։
Ծանուցում 1. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Երեխայի իրավունքների և կրթական հաստատությունների պարտականությունների հետ կապված կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։
Ծանուցում 2. սույն նյութի պատկերը գեներացվել է արհեստական բանականության գործիքակազմի օգնությամբ։