Ուիթքոֆն ու Քուշները գնահատել են Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքները

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկյան առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, Կիևում կայացած բանակցությունների առաջին փուլից հետո հանդես են եկել առաջին հայտարարություններով, հայտնել է ՌԲԿ-ն։

Ուիթքոֆը հայտարարել է, որ զրույցը եղել է «շատ բովանդակալից և կարևոր», և որ ամերիկյան պատվիրակությունը «շատ ոգեշնչված է» արդյունքներով։

«Պետք է ասեմ, որ մենք ունեցանք շատ բովանդակալից զրույց։ Քննարկումը լուրջ և կարևոր էր, և մենք լի ենք լավատեսությամբ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք այսօրվա ծրագրի շարունակությանը՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», — ասել է Սպիտակ տան ղեկավարի հատուկ բանագնացը։

Քուշները Դոնալդ Թրամփի ողջույնն է փոխանցել Ուկրաինայի ժողովրդին և ընդգծել, որ ԱՄՆ-ը ձգտում է ոչ միայն ավարտել հակամարտությունը, այլև ապահովել Ուկրաինայի համար երկարաժամկետ խաղաղություն։

«Նախագահ Թրամփը խնդրել էր մեզ իր անձնական ողջույնը փոխանցել Ուկրաինայի ժողովրդին։ Նա ցանկանում էր ընդգծել, որ այս [հակամարտությունը] համարում է չափազանց բարդ, բայց միևնույն ժամանակ՝ չափազանց կարևոր խնդիր։ Խոսքը ոչ միայն ներկայիս պատերազմին վերջ տալու մասին է, այլև երկարաժամկետ և կայուն խաղաղության համար համապատասխան պայմաններ ու մեխանիզմներ ստեղծելու։ Նախագահ Թրամփն անկեղծորեն ձգտում է հասնել այդ արդյունքին», — նշել է Քուշները։

Նա հույս է հայտնել, որ իրենց այցը արդյունքներ կտա։

Leave a Comment