Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը





Ռուսական 102-րդ ռազմաբազան մարտական հերթապահություն է իրականացնում մոտ 200 տարի առաջ կառուցված Ալեքսանդրապոլ ամրոցում։
Այն վայրը, որտեղ կառուցվել է Ալեքսանդրապոլ ամրոցը և տեղակայվել են ռուսական զորքերը, շուրջ 2 դար չի կորցրել իր ռազմավարական ու ռազմական կարևորությունը։ Գյումրին պատահական չէր ընտրված որպես տարածաշրջանի ռազմական ամենակարևոր ամրաշինական կառույցի դիսլոկացիա։
Այստեղ ժամանակի ռազմական պահանջները բավարարող ամրոց ունենալու սուր անհրաժեշտությունն առաջանում է 1800-ականների սկզբներին։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ Ռուսական կայսրությունը պատերազմում էր Օսմանյան ու Պարսկական կայսրությունների դեմ։ Իսկ Գյումրին, որն ազատագրվել էր ռուսական բանակի կողմից, հանդիսանում էր ֆորպոստ՝ երկու կայսրությունների դեմ պատերազմելու համար։
Այդ շրջանում էլ ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսում է մտածել Գյումրիում այնպիսի ամրաշինություն ունենալու մասին, որը կդիմակայեր թշնամական հարձակումներին ու կպաշտպաներ կայսրության հարավ-արևմտյան սահմանները։
1828-29 թթ․ ռուս-թուրքական և 1826-28 թթ․ ռուս-պարսկական պատերազմներն ավարտվում են Ռուսաստանի լիակատար հաղթանակով։
Արևելյան Հայաստանն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության ներքո։
Կայսրության նոր սահմաններն ամրացնելու անհրաժեշտությունը դառնում է կենտրոնական իշխանությունների օրակարգային խնդիրը։
19-րդ դարի 30-ականների սկզբին որոշվում է Ռուսական կայսրության սահմանների ողջ երկայնքով կառուցել մի շարք խոշոր պաշտպանական օբյեկտներ՝ ներառյալ 10 ամրոցներ կարևորագույն կետերում։ Այս 10 ամրոցների թվում էր նաև Գյումրու բերդը՝ Ալեքսանդրապոլ ամրոցը։
Ամրոցը կառուցվում է ռուս-թուրքական սահմանի անմիջական հարևանությամբ՝ Ախուրյան գետի ձախ ափին, բարձրադիր բլրի վրա։ Ալեքսանդրապոլ ամրոցի հիմնական գործառույթներից մեկը թուրքերի հնարավոր ներխուժումը Արևելյան Հայաստանի տարածքներ, հատկապես՝ Շիրակ, կանխելն էր։ Մինչև 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմը Օսմանյան կայսրության ու Ցարական Ռուսաստանի սահմանն այդ հատվածում անցնում էր Ախուրյան գետով։
Իսկ թուրքական հնարավոր ներխուժման մտահոգությունները հիմնավորված էին։ Քանի որ Օսմանյան կայսրությունը որևէ կերպ չէր համակերպվում Հարավային Կովկասում իր դիրքերը կորցնելու հետ։ Ու մինչև այսօր այդպես է․ ժամանակակից Թուրքիան ևս ինտենսիվ քաղաքականություն է վարում Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու համար։
1829 թվականից հետո Թուրքիան յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել է Հարավային Կովկաս ներխուժելու ու ամրապնդվելու համար։ Այդպիսի հնարավորություն թուրքերը տեսնում են Ղրիմի պատերազմի (1853-1856) բռնկման առաջին իսկ վայրկյանից։
1853 թ․-ի հոկտեմբերի 30-ին թուրքական 40 հազարանոց բանակը դուրս է գալիս Կարսից և գիշերելու նպատակով տեղակայվում է պատմական Անիի ու Շիրակի Բայանդուր գյուղի միջակայքում։ Ըստ տեղեկությունների՝ Օսմանյան բանակը պատրաստվում էր գիշերը վճռական հարձակում գործել Ալեքսանդրապոլի վրա։
Թուրքական կանոնավոր բանակն ու քրդական զորաջոկատները իրենց ճանապարհին կոտորում ու թալանում են հայկական գյուղերի բնակիչներին։
Այդ դեպքերի մասին հայ վանականներից մեկը գրել է.
«Բայինդուր գիւղը այն պատմական գիւղն է, որ 1853 թուին օսմանցիք Մուշուր՝ փաշայի առաջնորդութեամբ պաշարեցին և Շիրակայ գիւղերի մեծ մասը սրի անցկացրին, կանանց ու աղջկերանց բռնաբարեցին. աւետիք ուղարկեցին Ղարս, թէ «այդտեղ եօթը շաթան գլուխներ կուղարկենք»»։
Գյուղերի մեծ մասի բնակչությունը պաշտպանություն գտնելու նպատակով տեղափոխվում է Ալեքսանդրապոլ (Գյումրի)։ Սակայն Բայանդուր գյուղի մեծամասնությունը հրաժարվում է լսել ռուս զորահրամանատարների հորդորները՝ Ալեքսանդրապոլում պաշտպանություն գտնելու մասին։ Նրանց կազմակերպիչները հայտարարում են, թե իրենք կարող են թուրքերի հետ լեզու գտնել ու որևէ վտանգ չեն տեսնում։
Օգտվելով այդ հանգամանքից՝ քրդական առաջապահ ջոկատները ներխուժում են գյուղ ու սկսում դաժան կոտորած։
Միայն կազակական փոքրաթիվ ջոկատների օգնությամբ է հնարավոր լինում մտնել գյուղ, կանգնեցնել կոտորածն ու դուրս բերել հրաշքով փրկվածներին։
Նոյեմբերի 1-ին Ալեքսանդրապոլ է գալիս իշխան Բարսեղ Բեհբութովն ու ստանձնում բանակի հրամանատարությունը։

Դերենիկ Մալխասյան
Zham.am



Leave a Comment