Արոնյանը ՀՀ-ից հեռանալը բացատրել է շախմատի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքով

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել է, որ Հայաստանից որոշել էր հեռանալ շախմատի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի պատճառով, մի ոլորտի, որին ինքը նվիրել էր իր կյանքը։ Նա այս մասին խոսել է ֆրանսիական Europe Échecs հրատարակությանը տված հարցազրույցում։

«Ես հեռացա, քանի որ տեսա, որ այն ոլորտը, որին ես նվիրել էի իմ կյանքը, անտեսվում է կառավարության կողմից։ Ես մտածեցի. եթե նրանք ինձ հետ այսպես են վարվում, ապա ինչպիսի՞ն պետք է լինի նրանց համար, ովքեր ավելի թույլ են։ Ես չէի կարող հաշտվել դրա հետ։ Ահա թե ինչու ես հեռացա», – ասել է Արոնյանը։

Նա հավելել է, որ իր տեղափոխությունից հետո շարունակում է աջակցել հայկական շախմատին։ Արոնյանը նշել է, որ իշխանությունները կրճատել են բազմաթիվ սուբսիդիաներ, մինչդեռ նախկինում շախմատի զարգացմանը զգալիորեն ավելի շատ միջոցներ էին հատկացվում։ «Այնուամենայնիվ, ես ֆինանսական աջակցություն եմ ցուցաբերում մի քանի երիտասարդ հայ շախմատիստների», – հավելել է գրոսմայստերը։

Մանկության մասին հարցին Արոնյանը պատասխանել է, որ իր ավագ քույրն է իրեն շախմատ խաղալ սովորեցրել իր հոր հայրենի քաղաք՝ Վիտեբսկ, Բելառուս կատարած ուղևորության ժամանակ։ Գրոսմայստերի խոսքով՝ նա շախմատով իսկապես հետաքրքրվել է մոտ ութ տարեկանում։

Արոնյանը նաև խոսել է իր համար աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կարևորության մասին: «Իհարկե, Հայաստանում բոլորը ճանաչում էին նրան, և շախմատ խաղալ ցանկացող փոքրիկ երեխայի համար նա մի տեսակ հոր կերպար էր», – նշել է շախմատիստը: Արոնյանի համար ծնողների գնած առաջին շախմատային գրքերից մեկը «Պետրոսյանի ժառանգությունն» էր:

Հայաստանի շախմատի ազգային հավաքականի նախկին առաջատար Արոնյանը 2021 թվականի մարտին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և նույն թվականի դեկտեմբերից ի վեր հանդես է գալիս ամերիկյան դրոշի ներքո:

Leave a Comment