Էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման կարգը կհստակեցվի․ կառավարությունը նախատեսում է համապատասխան փոփոխություններ կատարել գործող կարգավորումներում։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04․03․2026թ․ ՀՕ-84-Ն օրենքով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվել է էլեկտրոնային առևտրի ապրանքների համար վճարվող մաքսատուրքի և հարկերի մասով նորմ։ Միաժամանակ, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, նույն օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն՝ մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերի, բնապահպանական հարկի, ճանապարհային հարկի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմիններին վճարվող միասնական դրույքաչափերով և միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքի և հարկերի, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսների ու տույժերի, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքների գծով պարտավորությունները կատարելու ձևերը (եղանակները) ու վճարման միջոցները, ինչպես նաև վճարման պահը (վճարելու օրը) սահմանում է Կառավարությունը: Համապատասխան նորմերը սահմանված են ՀՀ կառավարության 27․05․2021թ․ N 883-Ն որոշմամբ։
Վերոգրյալին համապատասխան, ՀՀ կառավարության 27․05․2021թ․ N 883-Ն որոշման մեջ առաջացել է էլեկտրոնային առևտրի ապրանքների համար վճարվող մաքսատուրքի և հարկերի մասով համապատասխան լրացումների կատարման անհրաժեշտություն։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 27․05․2021թ․ N 883-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների համար վճարվող մաքսատուրքի և հարկերի մասով՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04․03․2026թ․ ՀՕ-84-Ն օրենքին համապատասխանեցման նպատակով։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 30․12․2025թ․ «Հարկային վարչարարության բարեփոխումների և մաքսային ծառայության առաջիկա տարիների զարգացման ռազմավարական ծրագրերը հաստատելու մասին» N 1833-Լ հրամանի 4-րդ հավելվածի 1․6․5 կետից՝ «Ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորմանն ուղղված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կիրարկման նպատակով ազգային օրենսդրության մշակում»։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։