ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Մոսկվա Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված բանակցությունների համար։ Մոսկվայում հանդիպումներից հետո նրանք կիրակի նախատեսում են մեկնել Կիև։
Ուիթքոֆին և Քուշներին Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում դիմավորել է ռուսաստանցի պաշտոնյա Կիրիլ Դմիտրիևը։ Թռիչքների հետևման տվյալների համաձայն՝ ամերիկյան կառավարական ինքնաթիռը Մոսկվա է ժամանել Հելսինկիից։
Թրամփը ուրբաթ լրագրողներին հայտարարել է, որ իր դեսպանորդները Մոսկվա են տանում «պատերազմը դադարեցնելու առաջարկ»։ Axios-ի տեղեկություններով՝ Ուիթքոֆն ու Քուշները նախատեսում են առանձին հանդիպումներ անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և, Կիև մեկնելուց հետո, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Ուիթքոֆն ու Քուշները Թրամփի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո բազմիցս այցելել են Մոսկվա, մինչդեռ կիրակի նախատեսված այցը նրանց առաջին այցն է Կիև։
Այցին նախորդել են օդային հարվածների վերաբերյալ փոխադարձ մեղադրանքներ։ Զելենսկին շաբաթ հայտարարել է, որ Ռուսաստանը գիշերը «ցուցադրական» հարվածներ է հասցրել Կիևի և Բորիսպոլի օդանավակայաններին՝ դրանք կապելով ամերիկյան պատվիրակության հնարավոր ժամանման նախապատրաստությունների հետ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Դնեպրի մարզում քաղաքացիական շենքի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով զոհվել է չորս, վիրավորվել՝ հինգ մարդ։
Ուրբաթ Զելենսկին հայտարարել էր, որ ամերիկյան դեսպանորդների Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի իրականացնի հարվածներ, որոնք կարող են վտանգել նրանց անվտանգությունը՝ Ռուսաստանին կոչ անելով նույնպիսի պայմաններ ապահովել պատվիրակության՝ Ուկրաինա մեկնելու ժամանակ։
ԱՄՆ-ի միջնորդությամբ վերջին ամիսներին անցկացված բանակցությունները մինչ այժմ չեն հանգեցրել պատերազմի դադարեցման շուրջ համաձայնության։ Կողմերի հիմնական տարաձայնությունները շարունակում են վերաբերել տարածքային հարցերին և Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։