ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է արտահայտվել աշխարհի ավելի իրատեսական քարտեզների կիրառմանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով կոչ է արվում միջազգային կազմակերպություններին և պետություններին օգտագործել աշխարհի այնպիսի քարտեզներ, որոնք ավելի ճշգրիտ են արտացոլում մայրցամաքների իրական չափերը։

Ուրբաթ օրը բանաձևին կողմ է քվեարկել 164 պետություն։ Միացյալ Նահանգները դեմ է արտահայտվել, ևս վեց երկիր ձեռնպահ է մնացել։

Տոգոյի և Աֆրիկյան միության ներկայացրած բանաձևը խրախուսում է «Հավասար Երկիր» քարտեզային պրոյեկցիայի կիրառումը։ Այն ստեղծվել է 2018 թվականին և նախատեսված է մայրցամաքների ու երկրների մակերեսների հարաբերակցությունն ավելի ճշգրիտ ներկայացնելու համար։

Նոր մոտեցումը դիտարկվում է որպես այլընտրանք Մերկատորի պրոյեկցիային, որը մշակել է ֆլամանդացի քարտեզագիր Գերարդուս Մերկատորը 16-րդ դարում։ Մերկատորի պրոյեկցիան նախատեսված էր հիմնականում ծովային նավարկության համար, սակայն այն զգալիորեն մեծացնում է բարձր լայնություններում գտնվող տարածքների տեսանելի չափերը։

«Քարտեզները ձևավորում են աշխարհի մասին մեր պատկերացումները, սակայն դրանք երբեք չեզոք չեն»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Տոգոյի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Դուսեթը։ Նրա խոսքով՝ աղավաղված քարտեզները կարող են ամրապնդել աշխարհի աշխարհագրության վերաբերյալ սերնդեսերունդ փոխանցվող սխալ պատկերացումները։

«Հավասար Երկիր» պրոյեկցիայի դեպքում Աֆրիկան, Լատինական Ամերիկան, Հարավային Ասիան և Օվկիանիան ավանդական Մերկատորի քարտեզի համեմատ ավելի մեծ են պատկերվում՝ ավելի մոտ լինելով դրանց իրական մակերեսային հարաբերակցությանը։

Leave a Comment