Մինչև 2018 թվականի հեղափոխությունն ավելի հանգիստ ու բախտավոր եմ ապրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսի ժամանակ։
«Եղել է շատ երկար ժամանակ, երբ ես ինձ երջանիկ չեմ զգացել, երբ կյանքը կտրուկ փոխվել է։ Հետ նայելով՝ կարող եմ ասել, որ մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի հանգիստ էի ապրում»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ այժմ իր կյանքն այլ ռեժիմով է ընթանում։ «Հիմա ապրում եմ «լայֆ» ռեժիմով»,- նշել է ԱԽ քարտուղարը։
Անդրադառնալով Արմեն Գրիգորյանի հետ հարաբերություններին՝ Սիմոնյանը նշել է, որ նրա հետ երբևէ դառը խոսակցություն չի ունեցել և շարունակում է պահպանել լավ, ընկերական հարաբերություններ։
Սիմոնյանը նաև հայտնել է, որ Արմեն Գրիգորյանը հրավիրված է իր հարսանիքին, որը տեղի է ունենալու այսօր։