Իրանի հարավում հարսանեկան արարողության անցկացման վայրում տեղի ունեցած պայթյունը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի զինամթերքի ուղիղ հարվածի հետևանք է եղել, պարզել է Reuters-ը՝ փորձագետների օգնությամբ ուսումնասիրելով տեսանյութերն ու լուսանկարները։
Գործակալության հետ զրուցած չորս մասնագետները վնասները ոևակել են, որպես շենքի տանիքին զինամթերքի անմիջական հարված։ Նրանցից երեքի գնահատմամբ՝ կիրառվածը, ամենայն հավանականությամբ, ամերիկյան արտադրության զենք է եղել, իսկ փորձագետներից մեկը նշել է, որ խոսքը կարող է լինել շուրջ 227 կգ կշռող ավիառումբի մասին։ Փորձագետներից մեկը չի բացառել, որ զինամթերքը կարող էր շեղվել նախատեսված թիրախից։
Ամերիկացի պաշտոնյաները Reuters-ին հաստատել են, որ սեպտեմբերի 1-ին ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Քուհեսթաքի շրջանում՝ թիրախավորելով հարսանիքի անցկացման վայրից շուրջ 135 մետր հեռավորության վրա գտնվող հեռահաղորդակցության աշտարակը։ ԱՄՆ զինվորականները հայտնել են, որ ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները։
Իրանական պետական IRNA գործակալության վերջին հրապարակման համաձայն՝ հարվածից զոհվել էր չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է ավելի քան 60-ը։ Associated Press-ը սեպտեմբերի 4-ին հայտնել էր, որ վիրավոր կանանցից մեկը մահացել է հիվանդանոցում՝ զոհերի թիվը հասցնելով հինգի։
The Independent-ի տվյալներով՝ Իրանի դեմ վեց ամիս շարունակվող պատերազմի և մատակարարման ուղիների խափանումների ֆոնին ԱՄՆ-ում դիզելային վառելիքի միջին գինը հասել է պատմական առավելագույնին՝ մեկ գալոնի դիմաց 5,85 դոլարի։
Դիզելային վառելիքի թանկացումը մեծացնում է բեռնափոխադրումների և ապրանքների առաքման ծախսերը։ Որոշ ընկերություններ արդեն սկսել են հավելյալ ծախսերը փոխանցել սպառողներին, ինչի հետևանքով կարող են թանկանալ առօրյա ապրանքները։
Brent տեսակի նավթի գինը շաբաթվա ընթացքում աճել է 7,6%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 92,68 դոլարի, իսկ ամերիկյան WTI-ն թանկացել է գրեթե 10%-ով՝ մինչև 91,48 դոլար։ Վերլուծաբանները չեն բացառում գների հետագա աճը՝ Իրանի հետ ռազմական գործողությունների, Հորմուզի նեղուցով սահմանափակ նավարկության և վառելիքի պաշարների կրճատման պատճառով։
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ն հարվածել էր Իրանի Հորմոզգան նահանգի Սիրիկի շրջանի Քուհեսթաք քաղաքում գտնվող բնակելի տանը, որտեղ հարսանեկան արարողություն էր անցկացվում։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային կատարվածը որակել էր «պատերազմական հանցագործություն» և հայտարարել պատասխան գործողությունների մասին։
