Երևանի Գոգոլի փողոցում երեք երիտասարդ է ձերբակալվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև սառը զենք և հրազեն ապօրինի կրելու կասկածով, հայտնել է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ սեպտեմբերի 2-ի երեկոյան ոստիկանությունն օպերատիվ տեղեկություն է ստացել Գոգոլի փողոցում զինված անձանց մասնակցությամբ վիճաբանության մասին։
ՆԳՆ-ի տվյալներով՝ իրավապահներին նկատելով՝ մասնակիցները փորձել են փախուստի դիմել, սակայն երեք երիտասարդ ձերբակալվել է։ 20-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են մարտական ատրճանակ և դանակ, իսկ 19-ամյա երիտասարդի մոտ՝ լիցքավորված ինքնաձիգ և դանակ։
Ըստ գերատեսչության՝ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
