
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդներ Սթիվեն Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների՝ Ռուսաստան և Ուկրաինա նախատեսվող այցերից առաջ Վաշինգտոնը Մոսկվային և Կիևին կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել փոխադարձ հարձակումները, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ նախատեսվում է, որ Ուիթքոֆն ու Քուշները շաբաթ օրը կհանդիպեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո կմեկնեն Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպելու։
Պաշտոնյաների խոսքով՝ այցերի շուրջ բանակցությունները շարունակվել են մի քանի շաբաթ։ Վաշինգտոնը պնդել է, որ ամերիկացի դեսպանների՝ Ռուսաստանում գտնվելու ընթացքում Ուկրաինան ժամանակավորապես դադարեցնի անօդաչու թռչող սարքերով հարձակումները Մոսկվայի և ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Ռուսաստանից, իր հերթին, ակնկալվել է նույն ժամանակահատվածում ձեռնպահ մնալ Կիևի դեմ հրթիռային հարվածներից։
The New York Times-ը նշում է, որ Ուիթքոֆն ու Քուշները նախկինում մի քանի անգամ այցելել են Մոսկվա, սակայն դեռ չեն եղել Կիևում՝ չնայած ուկրաինական կողմի բազմաթիվ պաշտոնական հրավերներին։ Մասնավորապես, Ուիթքոֆը Պուտինի հետ հանդիպել է ավելի քան վեց անգամ։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան ամերիկացի հատուկ դեսպանորդների՝ Մոսկվա այցի ընթացքում Ռուսաստանի դեմ օդային հարվածներ չի իրականացնի։ Նա նաև կոչ էր արել ռուսական կողմին նույն կերպ ձեռնպահ մնալ հարձակումներից՝ բանակցությունների համար անվտանգ պայմաններ ապահովելու նպատակով։