Ուիթքոֆն ու Քուշները կիրակի կժամանեն Կիև, Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին նրանց մոսկովյան այցի ընթացքում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կիրակի կայցելեն Կիև, որից հետո կմեկնեն Մոսկվա։

Զելենսկու խոսքով՝ ամերիկյան պատվիրակության Ռուսաստան այցի ընթացքում Ուկրաինան չի իրականացնի օդային հարվածներ՝ բանակցողների անվտանգ ժամանումն ապահովելու համար։

«Ինչպես արել ենք ամերիկյան կողմի նախորդ դիվանագիտական այցերի ժամանակ, մենք կապահովենք Ռուսաստանի օդային տարածքի բնականոն գործունեությունը, որպեսզի բանակցողները կարողանան անվտանգ ժամանել։ Մենք մտահոգված ենք նրանցով, այլ ոչ թե Ռուսաստանով։ Մեր կողմից օդային հարվածներ չեն լինի, և Ռուսաստանը պետք է նույն կերպ վարվի՝ ապահովելով հանգիստ միջավայր՝ առանց օդային հարվածների այն ժամանակահատվածում, որն անհրաժեշտ է բանակցությունների և ամերիկյան այցի հետ կապված լոգիստիկ հարցերի համար»,-գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևի նպատակն ամերիկյան կողմի հետ հնարավորինս կառուցողական և բովանդակալից բանակցություններ անցկացնելն է։

«Մենք պետք է փնտրենք այս պատերազմը դադարեցնելու իրատեսական տարբերակներ։ Կտեսնենք, թե ինչ առաջարկներ ունեն Սթիվն ու Ջարեդը, և ինչ կասեն նրանք այդ մասին Մոսկվայում»,-հավելել է Զելենսկին։

Leave a Comment