Կալանավորվածներին այլևս չեն կարող անժամկետ պահել պատժախցում․ առաջարկվում է նոր օրենք

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծ։ Նախագծի համաձայն՝ Հայաստանում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության նոր երաշխիքներ են նախատեսվում․ մասնավորապես, կալանավորվածին պատժախցում անընդմեջ հնարավոր կլինի պահել առավելագույնը 20 օր, նամակները չեն գրաքննվի, իսկ ազատ արձակվողներին նախատեսվում է ապահովել մինչև բնակության վայր անվճար ուղևորությամբ։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը իրավական պետության հիմնարար պարտավորություններից է։ Հայաստանի Հանրապետության կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան վավերացնելուց հետո առաջ եկավ անհրաժեշտություն՝ դրանով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ փոփոխություններ կատարել ներպետական օրենսդրության համապատասխան ոլորտներում, այդ թվում՝ ազատությունից զրկելու վայրերում գտնվող անձանց իրավունքների ապահովման ու հարկադրանքի միջոցների կիրառման բնագավառում: Այդ պահանջներն առավել առարկայական դարձան Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային կազմակերպությունների գնահատականների լույսի ներքո, քանի որ Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին միջազգային և ազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի, Խոշտանգումների դեմ կոմիտեի, Եվրոպայի խորհրդի մարմինների, ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի և այլ կառույցների կողմից կատարված ուսումնասիրություններից, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան և հատուկ զեկույցներից ստացել է բազմաթիվ առաջարկներ՝ ուղղված ազատությունից զրկված անձանց երաշխիքների ամրապնդմանը և նրանց պահման պայմանների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։

Ներկայացված դիտարկումները փաստում են, որ գործող իրավական դաշտն ունի բացեր, իսկ պրակտիկայում առաջանում են խնդիրներ և անորոշություններ, որոնք անհրաժեշտ է կանոնակարգել՝ ապահովելով վերը նշված միջազգային և ազգային կառույցների առաջարկներից, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից բխող պահանջների իրացումը:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքն ընդունվել է 2002 թվականին, դրանում պարբերաբար կատարվել են փոփոխություններ և լրացումներ, սակայն գործող խմբագրությամբ օրենքը մասնակի է ամփոփում վերը նշված կառույցների կողմից տարբեր տարիներին ներկայացված առաջարկները, չի ապահովում ամբողջական ու համակարգային կարգավորում՝ ձերբակալվածների իրավունքներին և ազատություններին, իրավասու մարմինների պարտավորություններին, վերահսկման մեխանիզմներին ու հաշվետվողականությանը վերաբերող հարցերի մասով։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել՝ մշակելու միասնականամբողջականմիջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր իրավական ակտ։

 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքների իրականացման համար լրացուցիչ երաշխիքների ամրագրմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմանների ստեղծմանը և ներառում են հետևյալ հիմնական կարգավորումները

1) հաշմանդամության սոցիալական մոդելի մասին նորմերի սահմանում՝ ապահովելով, որ դրանում արտահայտված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական, տեղեկատվական ու հաղորդակցության մատչելիության վերաբերյալ կարգավորումներ՝ սկզբունքային նորմերի տեսքով:

Սույն կարգավորման անհրաժեշտությունը բխում է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության իրավունքի կարգավորումը ՀՀ իրավական համակարգում» հետազոտության արդյունքում ձևակերպված առաջարկություններից, որոնց շրջանակներում ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից հանձնարարվել էր՝ առաջարկներն առարկայական քննարկել և դիտարկել դրանք ռազմավարական առաջնահերթությունների և իրագործելիության տեսանկյունից։

Հետազոտության մեջ, մասնավորապես, նշվել է. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում ընդհանրապես բացակայում է հաշմանդամության հիմքով վերաբերմունքի, պահման պայմանների մասին որևէ նորմ՝ առավել ևս ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության միջոցների մատչելիության մասին։ Օրենքում կան առողջության, պահման պայմանների, վատ վերաբերմունքի արգելքի մասին մի շարք կարգավորումներ, սակայն դրանք ամբողջությամբ հիմնվում են ֆիզիկական առողջության պահպանման և վատ վերաբերմունքի արգելքի խնդիրների վրա, և դրանցում հաշմանդամությունը որպես կարգավորման հիմք բացակայում է։»։

Այս դիտարկումների համատեքստում, նախագծով օրենքում լրացվել են դրույթներ, որոնցով ձերբակալված կամ կալանավորված հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների լիարժեք և հավասար իրացման համար ստեղծվում են հաշմանդամության սոցիալական մոդելի վրա հիմնված հնարավորություններ։ Մասնավորապես, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերը հնարավորության սահմաններում պետք է ապահովվեն մատչելի միջավայրով (թեքահարթակներ, հարմարեցված սանհանգույցներ, մահճակալներ, զբոսանքի վայրերի հասանելիություն), տեղեկատվություն ստանալու և հաղորդակցվելու պայմաններով (ձայնագրող սարքեր, գրենական պիտույքներ, հաղորդակցության աջակցող այլ միջոցներ)։

Բացի այդ, հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվել են առանձնահատկություններ՝ լրացուցիչ հանձնուքներ և ծանրոցներ ստանալու իրավունքի, զբոսանքի համար ավելի երկար ժամանակ հատկացնելու մասով։

2) Անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու նպատակով շեշտվել է, որ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը երաշխավորում է անձանց անձնական տվյալների պաշտպանությունը և իրավունք չունի ձերբակալված կամ կալանավորված անձի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ հայտնելու այլ անձանց, եթե վերջինս գրավոր դիմում է ներկայացրել այդ մասին։ Բացի այդ, նախագծով նշվել է, որ ձերբակալված կամ կալանավորված անձանց անձնական գործին կարող են ծանոթանալ վերջիններս և նման լիազորություն ունեցող մարմինները կամ անձինք։ Այս նպատակով, բժշկական գաղտնիքի պահպանումը երաշխավորելու համար, սահմանվել է նաև կարգավորում, համաձայն որի՝ այլ անձանց ներկայությունը բժշկական զննությանը չի թույլատրվում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

3) Նախագծով ամրագրվել է կալանավորված անձի աշխատանքի վարձատրության իրավունքը և այն, որ աշխատանքը չպետք է լինի հարկադիր կամ շահագործող բնույթի և չպետք է ուղղված լինի ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի անձնական շահերը բավարարելուն։

4) Սահմանվել է կալանավորված անձին պատժախցում պահելու առավելագույն ժամկետ, համաձայն որի՝ վերջինս անընդմեջ պատժախցում կարող է պահվել 20 օրից ոչ ավելի։ Այս դրույթի բացակայության պայմաններում նախկինում կալանավորված անձը անընդմեջ կարող էր մեկուսի պահվել պատժախցում, որպիսի հանգամանքը մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կազմակերպությունները դիտարկել էին ոչ իրավաչափ։

5) Որպես սոցիալական ապահովության երաշխիք՝ սահմանվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ կենսաթոշակներ և պետական նպաստներ ստանալու իրավունքը։

6) Ձերբակալված կանանց համար ամրագրվել է իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա պահելու հնարավորությունը (գործող օրենքում նման կարգավորումը սահմանված էր միայն կալանավորված անձանց մասով)։

7) Ամրագրվել է, որ նամակները գրաքննության չեն ենթարկվում, իսկ նամակագրության վերահսկողությունը պետք է սահմանափակվի արտաքին զննմամբ՝ արգելված առարկաների փոխանցումը բացառելու նպատակով, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու։

8) Հստակեցվել է ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի գործողությունները, անգործությունը և որոշումները բողոքարկելու ընթացակարգը։

9) Գործող օրենքով ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին հնարավորություն է ընձեռնված՝ հիվանդության, ծնողական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու, երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև ներքին կանոնակարգի խախտումներ թույլ տալու դեպքերում միջնորդություն ներկայացնել դատարան` կալանավորված անձին ծնողական իրավունքներից զրկելու և (կամ) երեխային այլ անձանց խնամքին հանձնելու համար: Նախագծով այս կարգավորումը հանվել է, քանի որ ծնողական իրավունքից զրկելու, երեխային խնամատար ընտանիք կամ այլ անձանց խնամքին հանձնելու հետ կապված հարաբերությունները սահմանված են ՀՀ ընտանեկան օրենսգրքով և ոլորտը կանոնակարգող այլ ակտերով, իսկ այդ կարգավորումը հակասում է գործող օրենսդրության պահանջներին

10) Կալանավորված անձանց համար սահմանվել է մեկ ամսվա ընթացքում առնվազն երկու կարճատև, իսկ վեց ամսվա ընթացքում՝ առնվազն մեկ երկարատև տեսակցության հնարավորություն իր երեխայի հետ այն պարագայում, երբ երեխան խնամվում և դաստիարակվում է պետական կամ այլ հաստատությունում։ Այս դեպքում տեսակցությունը կազմակերպվում է կալանավորվածներին պահելու վայրի վաչակազմի և այն պետական կամ այլ հաստատության կողմից համատեղ, որտեղ խնամվում և դաստիարակվում է երեխան: Տեսակցության ծախսերն ապահովում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, եթե կալանավորված անձի անձնական հաշվին պահանջվող գումարը բացակայում է: Նման հնարավորություն ներկայումս սահմանված է միայն դատապարտյալների համար։

11) Նախագծով հստակեցվել է նաև ձերբակալված կամ կալանավորված անձի կողմից քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրավունքի իրացման  ընթացակարգը:

12) Սահմանվել են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու, ինչպես նաև՝ հստակեցվել են խուզարկություն և զննում իրականացնելու ընթացակարգերը։ Միաժամանակ, օրենսդրորեն ամրագրվել է էլեկտրոնային հսկողություն իրականացնելու հնարավորություն՝ ձերբակալված, կալանավորված, ինչպես նաև այլ  անձանց անվտանգության ապահովման, նրանց իրավաչափ շահերի պաշտպանության, փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանության դեպքերը, ներքին կանոնակարգով սահմանված կարգի խախտումները կանխելու կամ խափանելու նպատակով։

13) Ամրագրվել է, որ ձերբակալված անձինք արգելանքից, կալանավորված անձինք կալանքից ազատվելիս ապահովվում են մինչև իրենց բնակության վայրն անվճար ուղևորությամբ` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղափոխվելու համար, այդ ընթացքում անհրաժեշտ սննդամթերքով կամ դրա համար անհրաժեշտ գումարով, ինչպես նաև՝ սեզոնային անհրաժեշտ հագուստով:

14) Օտարերկրյա քաղաքացի ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքների լիարժեք իրացման համար նախատեսվել է անվճար թարգմանչական ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Բացի այդ, ամրագրվել է, որ վերջիններս իրենց երկրի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության կամ ազգային կամ միջազգային մարմնի հետ կապ հաստատելու համար ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ներկայացնում են դիմում, որին ընթացք է տրվում առաջարկությունների, դիմումների, բողոքների քննարկման կարգին համապատասխան։ Նման դրույթի բացակայությունը անորոշություն է ստեղծում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության կամ ազգային կամ միջազգային մարմնի հետ կապ հաստատելու իրավունքի իրացման ժամանակ։

15) Նախագծով ընդլայնվել և հստակեցվել են ձերբակալված կամ կալանավորված անձանց(այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասով) իրավունքները։

16) Նախագծով նախատեսվել են հացադուլի իրականացման և դրա առանձնահատկությունների հետ կապված կարգավորումներ։

17) Նախագծով առավել մանրամասն կարգավորվել են կալանավորված անձանց առանձին պահելու հետ կապված հարաբերությունները։

18) Նախագծով գործող օրենքում կատարվել են մի շարք խմբագրական փոփոխություններ, որոնք միտված են գործող օրենքի դրույթների հստակեցմանը։

19) Նախագծով գործող օրենքը համապատասխանեցվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, այդ թվում՝ օրեսդրական տեխնիկայի պահանջներին, հստակեցվել են այն դրույթները, որոնք գործնական կիրառման ժամանակ առաջ էին բերում անորոշություններ։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշման 2-րդ հավելվածի 9-րդ ուղղության (Մարդու իրավունքների զգայուն հարցեր) 11-ին կետի պահանջից։

 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցներ նախատեսելու անհրաժեշտություն՝

1) օտարերկրյա քաղաքացի հանդիսացող ձերբակալված կամ կալանավորված անձանց համար թարգմանչական ծառայություններ ձեռք բերելու համար,

2) կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի պատճառաբանված որոշման հիման վրա կալանքից ազատված անձանց միանվագ դրամական օգնություն տրամադրելու համար։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 Ակնկալվող արդյունքները

«Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» նոր օրենքի ընդունումը կարևոր քայլ է Հայաստանի Հանրապետության իրավական և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման ճանապարհին, քանի որ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ազգային և միջազգային չափանիշներին համապատասխան` ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանություն, պահման պայմանների բարելավում և իրավապահ մարմինների պատասխանատվության ու հաշվետվողականության ապահովում՝ իրավական պետության սկզբունքների ամրապնդման և Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների լիարժեք կատարման համար։

Leave a Comment