ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսա Ջարեդ Քուշները այս շաբաթավերջին կմեկնեն Մոսկվա և Կիև՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հնարավորությունների շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով։ Այս մասին, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է Axios-ը։
Ուիթքոֆն ու Քուշները ուրբաթ օրը կմեկնեն տարածաշրջան, իսկ շաբաթ օրը Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այնուհետև՝ կիրակի, նրանք կայցելեն Կիև և կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Սա Ուիթքոֆի և Քուշների առաջին այցը Կիև կլինի այն բանից հետո, երբ Թրամփը վերադարձավ Սպիտակ տուն։
Այցը տեղի է ունենում ամերիկյան միջնորդական ջանքերի համար բարդ փուլում։ Ռուսաստանը և Ուկրաինան ամիսներ շարունակ ԱՄՆ միջնորդությամբ բանակցություններ են վարել, սակայն էական առաջընթաց չի արձանագրվել։ Axios-ի տվյալներով՝ այդ բանակցությունները փետրվարի կեսերին դադարեցվել էին Իրանի պատերազմի սկսվելուց հետո։
Վերջին ամիսներին Ուիթքոֆն ու Քուշները առանձին հանդիպումներ են անցկացրել ռուս և ուկրաինացի բանակցողների հետ։ Միաժամանակ, Վաշինգտոնը փորձել է համոզել Մոսկվային վերադառնալ դիվանագիտական գործընթացին։ Այդ համատեքստում մոտ տասը օր առաջ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Մոսկվայում հանդիպել էր Ռուսաստանի հետախուզական և անվտանգության կառույցների ղեկավարների հետ՝ փորձելով պարզել, թե արդյոք նրանք կարող են ազդել Պուտինի վրա՝ դիվանագիտական ճանապարհով պատերազմը ավարտելու նպատակով։
Ուիթքոֆի և Քուշների առաջիկա այցի շուրջ ԱՄՆ և Ուկրաինայի պաշտոնյաները, ըստ Axios-ի, ամիսներ շարունակ բանակցել են։ Կիև կատարելիք այցը վերջին օրերին մի քանի անգամ հայտնվել էր անորոշության մեջ, սակայն ի վերջո կողմերը որոշել են այն անցկացնել այս շաբաթավերջին։
