Ե՞րբ կարող են ծնողին զրկել ծնողական իրավունքներից․ ինչ է նախատեսում օրենքը

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը՝ ծնողական իրավունքներից զրկելը ընտանիքի իրավունքում կիրառվող ամենախիստ միջոցներից մեկն է։ Դատարանը կարող է ծնողին կամ ծնողներից մեկին զրկել երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից միայն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և ելնելով երեխայի լավագույն շահերից։

Երբ ծնողը չի կատարում իր պարտականությունները

Ծնողը կարող է զրկվել ծնողական իրավունքներից, եթե մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում է իր ծնողական պարտականությունները կատարելուց։

Այդպիսի հիմք կարող է լինել նաև երեխայի համար նախատեսված ալիմենտը վճարելուց չարամտորեն խուսափելը։

Այսինքն՝ միայն մեկ կամ մի քանի անգամ պարտականությունը չկատարելը ինքնին դեռ չի նշանակում ծնողական իրավունքներից զրկում․ օրենքը նախատեսում է մեկ տարվա ընթացքում պարտականություններից շարունակական և չարամիտ խուսափելու հանգամանքը։

Եթե ծնողական իրավունքները նախկինում արդեն սահմանափակվել են

Ծնողական իրավունքներից զրկելու հիմք կարող է լինել նաև այն դեպքը, երբ դատարանն արդեն սահմանափակել է ծնողի իրավունքները, սակայն ծնողը չի փոխել իր վարքագիծը։

Օրենքի համաձայն՝ եթե ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում ծնողը չի փոխում իր վարքագիծը, դա կարող է հիմք դառնալ ծնողական իրավունքներից զրկելու համար։

Երեխային ծննդատնից կամ խնամքի կազմակերպությունից չվերցնելը

Օրենքը նախատեսում է նաև այնպիսի դեպքեր, երբ ծնողը առանց հարգելի պատճառի հրաժարվում է երեխային վերցնել։

Մասնավորապես՝ ծնողական իրավունքներից զրկելու հարց կարող է առաջանալ, եթե ծնողը առանց հարգելի պատճառի հրաժարվում է երեխային վերցնել՝

  • ծննդատնից,
  • բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունից,
  • կամ մեկ տարի շարունակ առանց հարգելի պատճառի չի վերցնում երեխային շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունից։

Երբ ծնողը չարաշահում է իր իրավունքները

Ծնողական իրավունքները չեն կարող օգտագործվել երեխայի շահերին հակառակ։

Ծնողը կարող է զրկվել ծնողական իրավունքներից, եթե չարաշահում է դրանք, այդ թվում՝ իր վարքագծով երեխայի վրա վնասակար ազդեցություն է գործում։

Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատվում են հանգամանքները և այն, թե ծնողի վարքագիծն ինչպես է անդրադառնում երեխայի բարեկեցության ու զարգացման վրա։

Երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքը

Ծնողական իրավունքներից զրկելու հիմք է նաև երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքը։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ծնողը պարբերաբար երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրում, եթե այդ արարքը չի պարունակում քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ։

Հիմք կարող է լինել նաև պարբերաբար հոգեբանական բռնություն գործադրելը՝ երեխային դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը։

Այդպիսի վարքագծի օրինակներ կարող են լինել՝

  • ֆիզիկական կամ սեռական բռնություն գործադրելու սպառնալիքները,
  • երեխայի արժանապատվության պարբերական նվաստացումը,
  • հոգեբանական բռնության այլ դրսևորումներ։

Երեխայի դեմ դիտավորյալ հանցագործության համար դատապարտված ծնողը

Օրենքը նախատեսում է նաև առանձին հիմք․ ծնողը զրկվում է ծնողական իրավունքներից, եթե դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար։

Այս դեպքում խոսքը վերաբերում է դատարանի կողմից համապատասխան հանցագործության համար դատապարտված ծնողին։

Ո՞ր դեպքերում երեխային չվերցնելը կամ պարտականությունները չկատարելը կարող է համարվել հարգելի

Օրենքը նախատեսում է, որ որոշ իրավիճակներում ծնողի՝ երեխայի նկատմամբ իր պարտականությունները չկատարելը կամ երեխային համապատասխան կազմակերպությունից չվերցնելը չի կարող ինքնաբերաբար հիմք դառնալ ծնողական իրավունքներից զրկելու համար։

Մասնավորապես, հաշվի են առնվում այն դեպքերը, երբ ծնողը գտնվում է՝

  • բժշկական հաստատությունում,
  • կարգապահական գումարտակում,
  • ուղղիչ հիմնարկում,
  • ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում,
  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ,
  • մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի կազմում,
  • գերության մեջ,
  • վարժական հավաքներում,
  • կամ մեկնել է օտարերկրյա գործուղման։

Դատարանը կարող է նաև այլ իրավիճակներ ճանաչել հարգելի պատճառ՝ յուրաքանչյուր դեպքի կոնկրետ հանգամանքներից ելնելով։

Սակայն նույնիսկ այս դեպքերում առանցքային հարցը մնում է նույնը՝ արդյո՞ք ծնողական իրավունքներից զրկելը բխում է երեխայի լավագույն շահերից։

Leave a Comment