Մտավոր սեփականության ոլորտում խոշոր փոփոխություններ են նախատեսվում․ ինչ է փոխվելու մինչև 2031 թվականը

Մտավոր սեփականության պաշտպանությունը կարող է դառնալ ավելի արագ, թվայնացված և արդյունավետ․ նախատեսվում է նաև նոր մեխանիզմ՝ վնասի փոխհատուցում ստանալու համար՝ առանց դրա կոնկրետ չափն ամբողջությամբ ապացուցելու։ Գիտական հայտնագործությունները պետք է ավելի հեշտ հասնեն շուկա, իսկ Մտավոր սեփականության գրասենյակը նախատեսվում է վերափոխել ավելի ինքնուրույն պետական մարմնի։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության ոլորտի զարգացման 2027-2031 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Փաստաթղթով նախատեսվում է առաջիկա հինգ տարիներին էականորեն փոխել մտավոր սեփականության ոլորտի կառավարման և պաշտպանության մոտեցումները՝ սկսած հեղինակային իրավունքից ու ապրանքային նշաններից մինչև գյուտերի արտոնագրում և գիտական արդյունքների առևտրայնացում։

Ի՞նչ խնդիրներ են ցանկանում լուծել

Նախագծի հեղինակները արձանագրում են, որ Հայաստանում մտավոր սեփականության ոլորտում առկա են մի շարք համակարգային խնդիրներ։

Մասնավորապես՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործող մեխանիզմները դեռևս բավարար արդյունավետ չեն, գիտական արդյունքների առևտրայնացման մակարդակը ցածր է, իսկ գրանցման և վարչարարության գործընթացները՝ ամբողջությամբ թվայնացված չեն։

Խնդիր է համարվում նաև ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների, կրթության և տարբեր պետական կառույցների միջև համակարգման մակարդակը։

Ռազմավարության հիմնական գաղափարն այն է, որ մտավոր սեփականությունը պետք է դիտարկվի ոչ միայն որպես իրավական պաշտպանության ենթակա օբյեկտ, այլև որպես տնտեսական արժեք ստեղծող գործիք։

Վեճերը կարող են ավելի արագ լուծվել, իսկ վնասը՝ փոխհատուցվել առանց բարդ հաշվարկների

Նախագծով նախատեսվում է վերանայել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության քաղաքացիական, քրեական և վարչական մեխանիզմները։

Առանձին ուշադրություն է դարձվելու նաև մաքսային սահմանին և առցանց առևտրի ոլորտում մտավոր սեփականության պաշտպանությանը։

Նախատեսվում է ապրանքային նշանների կեղծման համար քրեական պատասխանատվության սահմանում, վարչական իրավախախտումների նոր տեսակների և նոր սանկցիաների ներդրում։

Փոփոխություններ են նախատեսվում նաև դատարաններում նման վեճերի քննության մասով։ Մտավոր սեփականության ոլորտի վեճերի համար նախատեսվում է նոր ընդդատության կարգավորում և նոր վարույթի տեսակ, որը պետք է հնարավորություն տա դրանք քննել ավելի արագ և արդյունավետ։

Առանձնահատուկ նորություն է ֆիքսված վնասի հատուցման (statutory damages) մեխանիզմը։

Դրա տրամաբանությունն այն է, որ իրավատերը որոշ դեպքերում փոխհատուցում ստանալու համար ստիպված չի լինի ապացուցել իրեն պատճառված վնասի ճշգրիտ չափը։ Սա հատկապես կարող է կարևոր լինել հեղինակային իրավունքի և այլ մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեպքում, երբ իրական վնասի հաշվարկը հաճախ բարդ և ժամանակատար գործընթաց է։

Մտավոր սեփականության գրանցումը՝ ամբողջությամբ թվային

Ռազմավարության մյուս ուղղությունը ոլորտի թվայնացումն է։

Նախատեսվում է մտավոր սեփականության գրանցման գործընթացների ամբողջական թվայնացում, պետական ռեգիստրների հետ տվյալների ավտոմատ համադրման և փոխանակման հնարավորություն։

Կիրառվելու են նաև արհեստական բանականության գործիքներ՝ վարչարարությունն արագացնելու և պարզեցնելու համար։

Նախատեսվում է բարելավել ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների և գյուտերի գրանցման ընթացակարգերն ու ժամկետները։

Հայաստանը նախատեսում է նաև միանալ WIPO DAS համակարգին, որը հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով փոխանակել առաջնայնության վերաբերյալ փաստաթղթեր։

Այսինքն՝ երկարաժամկետ նպատակը այն է, որ մտավոր սեփականության ոլորտում ծառայություններից օգտվելու համար քաղաքացիներն ու բիզնեսը հնարավորինս քիչ կախված լինեն թղթային փաստաթղթերից և ֆիզիկական այցելություններից։

Գիտնականների հայտնագործությունները պետք է հասնեն շուկա

Ռազմավարության ամենահետաքրքիր ուղղություններից մեկը գիտական արդյունքների առևտրայնացման զարգացումն է։

Նախատեսվում է մինչև 3 առաջատար բուհերում և գիտահետազոտական կազմակերպություններում ստեղծել և զարգացնել Տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների՝ TTO-ների ցանց։

Այս գրասենյակները պետք է օգնեն գիտնականներին իրենց ստեղծած գյուտերը գնահատելու, արտոնագրելու և լիցենզավորելու հարցերում։

Պարզ ասած՝ նպատակն է ստեղծել այն «կամուրջը», որը գիտական լաբորատորիայից կամ համալսարանից գաղափարը կարող է հասցնել բիզնես և շուկա։

Օրինակ՝ եթե հետազոտողը ստեղծել է նոր տեխնոլոգիա, ապա միայն արտոնագիր ստանալը բավարար չէ։ Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես այն պաշտպանել, ում կարելի է լիցենզավորել, ինչպես գտնել ներդրող և ինչպես գիտական արդյունքը վերածել եկամուտ ստեղծող արտադրանքի կամ ծառայության։

Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել հանրային ֆինանսավորմամբ ստեղծված մտավոր սեփականության օբյեկտների պատկանելիության և ստացված եկամուտների բաշխման կանոնները՝ հեղինակների և գյուտարարների համար արդարացի վարձատրություն ապահովելու նպատակով։

Հեղինակների վարձատրության կանոնները կարող են փոխվել

Փոփոխությունների առանձին ուղղություն վերաբերում է հեղինակային իրավունքին։

Նախատեսվում է անցում կատարել հեղինակային իրավունքի կոլեկտիվ կառավարման ընդլայնված մոդելի։

Միաժամանակ պետք է ուժեղացվեն թափանցիկության և հաշվետվողականության պահանջները, այդ թվում՝ հանրային վայրերում ստեղծագործությունների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը։

Վերանայվելու են նաև կառավարության կողմից սահմանված հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը՝ դրանք շուկայական իրողություններին համապատասխանեցնելու նպատակով։

Այս փոփոխությունները կարող են հատկապես կարևոր լինել երաժիշտների, հեղինակների, նկարիչների, կատարողների, ստեղծարար ոլորտում գործող ընկերությունների և այլ իրավատերերի համար։

Մտավոր սեփականության գրասենյակի կարգավիճակը կփոխվի

Ռազմավարությամբ նախատեսվում է նաև ինստիտուցիոնալ փոփոխություն։

Ներկայում գործող Մտավոր սեփականության գրասենյակը նախատեսվում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանմանը մոտարկված կարգավիճակից տեղափոխել Էկոնոմիկայի նախարարությանը ենթակա պետական մարմնի կարգավիճակ։

Նպատակն ավելի մեծ կազմակերպական ինքնուրույնություն ապահովելն է։

Գրասենյակին նախատեսվում է վերապահել նաև վարչական պաշտպանության նոր գործառույթներ՝ իրավախախտումների արձանագրում, դրանց քննություն և տույժերի կիրառում։

Նախագծով առաջարկվում է նաև ֆինանսական երաշխիք սահմանել․ կառույցի տարեկան բյուջեն չի կարող պակաս լինել նախորդ տարվա բյուջեից։

Բացի այդ, նախատեսվում է ստեղծել Մտավոր սեփականության միջգերատեսչական խորհուրդ՝ մասնագիտական խորհրդակցական խմբով։

Մտավոր սեփականության մասին կսովորեցնեն նաև դպրոցներում

Ռազմավարությունը նախատեսում է ոլորտի կրթական բաղադրիչի ընդլայնում։

Մասնավորապես, Մտավոր սեփականության գրասենյակի կազմում նախատեսվում է ստեղծել ուսումնական և հետազոտական կենտրոն։

Նախատեսվում է նաև հեղինակավոր բուհերից մեկում ներդնել մտավոր սեփականության ուղղվածությամբ մագիստրոսական ծրագիր։

Ավելի վաղ մասնագիտական ոլորտ համարվող թեման պետք է հասանելի դառնա նաև դպրոցականներին․ նախատեսվում է հանրակրթական դպրոցներում ստեղծել մտավոր սեփականության ակումբներ և մասնագիտացված գրադարաններ։

Միաժամանակ նախատեսվում է վերապատրաստել դատավորներին, քննիչներին, դատախազներին և փաստաբաններին, ինչպես նաև միասնական կարգավորել արտոնագրային հավատարմատարների մասնագիտական կարգավիճակն ու էթիկայի կանոնները։

Իսկ ի՞նչ արդյունք է ակնկալվում մինչև 2031 թվականը

Ռազմավարության իրականացման արդյունքում կառավարությունը նախատեսում է ձևավորել ավելի արդյունավետ, վստահելի և թվայնացված մտավոր սեփականության համակարգ։

Մասնավորապես ակնկալվում է՝

  • բարելավել Հայաստանի դիրքերը Գլոբալ ինովացիոն ինդեքսում,
  • կրճատել մտավոր սեփականության վերաբերյալ դատական վեճերի տևողությունն ու ծախսերը,
  • ավելացնել գիտական արդյունքների առևտրայնացումը,
  • մեծացնել արտոնագրերի և համապատասխան պայմանագրերի թիվը,
  • բարձրացնել Հայաստանի ներդրումային գրավչությունը,
  • ամբողջությամբ թվայնացնել Մտավոր սեփականության գրասենյակի ծառայությունները,
  • բարձրացնել քաղաքացիների և բիզնեսի իրազեկվածությունը։

Այսպիսով, 2027-2031 թվականների ռազմավարության հիմնական նպատակը միայն մտավոր սեփականության պաշտպանության ուժեղացումը չէ։ Փաստաթղթի տրամաբանությամբ՝ գաղափարը, գյուտը, ապրանքային նշանը, ստեղծագործությունը կամ տեխնոլոգիան պետք է դառնան նաև տնտեսական ակտիվ, որը հնարավոր է պաշտպանել, զարգացնել, լիցենզավորել և շուկայում արժեք ստեղծել։

Եթե նախագիծն ընդունվի, առաջիկա հինգ տարիներին նախատեսվող փոփոխությունները կարող են ազդել ինչպես խոշոր ընկերությունների ու գիտահետազոտական կազմակերպությունների, այնպես էլ առանձին հեղինակների, գյուտարարների, ստեղծարարների և նորարարական գաղափարներ ունեցող քաղաքացիների վրա։

Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Leave a Comment