Կարո՞ղ է քաղաքացին սեփականության իրավունքը ստանալիս հրաժարվել իր՝ օրենքով երաշխավորված իրավունքներից

Կարո՞ղ է քաղաքացին սեփականության իրավունքը ստանալիս հրաժարվել իր՝ օրենքով երաշխավորված իրավունքներից։ Կառուցապատողները փոխանցման ակտերում կարող են ներառել քաղաքացիների իրավունքները սահմանափակող դրույթներ։ Այստեղ կարևոր է նոտարի դերը․ եթե փաստաթղթում առկա են օրենսդրությանը հակասող պայմաններ, նոտարը պարտավոր է պահանջել դրանց վերացում, իսկ հակառակ դեպքում՝ մերժել գործողության կատարումը։

Արդարադատության նախարարությունը ստացել է մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի գրությունը, որով բարձրացվել է այս լուրջ խնդիրը։ Հանձնաժողովը ստացել է բազմաթիվ բողոքներ այն մասին, որ կառուցված բազմաբնակարան շենքերի, սեփականության իրավունքի փոխանցման ակտերում կառուցապատողները ներառել են դրույթներ, որոնք դուրս են օրենքով սահմանված կարգավորում շրջանակից և սահմանափակում են քաղաքացիների իրավունքները։ Մասնավորապես, արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիներից պահանջվել է հրաժարվել կառուցապատողից, տույժեր կամ տուգանքներ պահանջելու իրավունքից, դատարանում գտնվող հայցերից, ինչպես նաև գույքի հետ կապված այլ հնարավոր պահանջներից։ Այսինքն, քաղաքացին ստանալով սեփականության իրավունքը, փաստացի հրաժարվում է օրենքով իրեն վերապահված այլ իրավունքներից։ Եվ այստեղ կարևոր է նոտարի դերը։ Օրենքը նոտարին պարտավորեցնում է մերժել նոտարական գործողության կատարումը, եթե այն հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին։ Այսինքն, նոտարական վավերացումը չի կարող լինել օրենքին հակասող պայմանների ձևական հաստատում։

Iravaban.net-ը տեղեկանում է ԱՆ-ից։

Այս կապակցությամբ Արդարադատության նախարարությունը նոտարական պալատին հանձնարարել է, ապահովել, որպեսզի փոխանցման ակտերի նոտարական վավերացման ընթացքում բացառվեն այնպիսի դրույթներ, որոնք սահմանափակում են քաղաքացիների իրավունքները կամ կարող են հանգեցնել նրանց օրինական շահերի խախտման, եթե նման պայման առկա է, ապա նոտարը պարտավոր է պահանջել կառուցապատողից վերացնել այն կամ համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին, իսկ եթե այդ պայմանը չի կատարվում, ապա նոտարը պարտավոր է մերժել նոտարական գործողության կատարում։

Leave a Comment