Պարտադի՞ր է արդյոք բժշկական հետազոտությունը ամուսնությունից առաջ․ ինչ է ասում օրենքը

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net–ը՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 12-րդ հոդվածը նախատեսում է, որ ամուսնացող անձինք կարող են մինչև ամուսնությունը անցնել բժշկական հետազոտություն, ինչպես նաև ստանալ բժշկագենետիկական և ընտանիքի պլանավորման վերաբերյալ խորհրդատվություն։

Հետազոտությունն իրականացվում է առողջապահական կազմակերպություններում՝ պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում։

Կարևոր է՝ բժշկական հետազոտությունը ամուսնացող անձանց համար պարտադիր չէ․ այն իրականացվում է նրանց ցանկությամբ։

Հետազոտության արդյունքները բժշկական գաղտնիք են

Ամուսնացող անձի բժշկական հետազոտության արդյունքները համարվում են բժշկական գաղտնիք։

Դրանք կարող են հաղորդվել այն անձին, որի հետ քաղաքացին մտադիր է ամուսնանալ, միայն հետազոտություն անցած անձի համաձայնությամբ։

Այսինքն՝ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը չի կարող ինքնաբերաբար փոխանցվել ապագա ամուսնուն կամ այլ անձանց։

Ի՞նչ է նախատեսվում, եթե առողջական խնդիրները թաքցվել են

Օրենքը նաև նախատեսում է իրավական հետևանք այն դեպքի համար, երբ ամուսնացած անձը պետական գրանցման պահին մյուս ամուսնուց թաքցրել է իր մոտ՝

  • սեռավարակի, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի,
  • հոգեկան հիվանդության,
  • թմրամոլության,
  • թունամոլության

առկայության փաստը։

Այս դեպքում մյուս ամուսինն իրավունք ունի դիմել դատարան՝ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջով։

Այսպիսով, օրենքը մի կողմից ապահովում է ամուսնացող անձի բժշկական տվյալների գաղտնիությունը, իսկ մյուս կողմից նախատեսում է դատական պաշտպանության հնարավորություն, եթե ամուսնության պետական գրանցման պահին կարևոր առողջական հանգամանքները դիտավորյալ թաքցվել են մյուս ամուսնուց։

Leave a Comment