ԱՄՆ փոխնախագահը չի բացառել, որ աշխարհի վերջը մոտ է, իսկ Նեռը՝ մարդկանց մեջ

Այս շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ենթադրել է, որ Նեռը, հնարավոր է, մարդկանց շրջանում է, եւ չի բացառել, որ աշխարհի վերջը մոտ է։

Վենսը, որը կաթոլիկություն  է ընդունել արդեն հասուն տարիքում, այս թեմաների շուրջ խոսել է ամերիկացի քրիստոնյա փոդքասթեր Բրայս Քրոուֆորդի հետ զրույցի ժամանակ։

«Կարծո՞ւմ եմ, որ աշխարհի վերջը մոտ է։ Չգիտեմ,- պատասխանել է նա Քրոուֆորդի հարցին։ — Եվ կարծում եմ, որ հոգեւոր տեսանկյունից ինձ, հավանաբար, վնասակար է այդ մասին չափազանց շատ մտածելը, քանի որ կան բաներ, որոնցով պետք է զբաղվել»։

Նա նշել է, որ պետք է լավ վերաբերվի կնոջը, լավ հայր լինի երեխաների համար եւ հնարավորինս լավ ղեկավարի ԱՄՆ- ը։

Այնուհետեւ փոխնախագահն ավելացրել է. «Աշխարհում տեղի են ունենում բաներ, որոնց նայելով՝ հասկանում եմ, որ չէի զարմանա, եթե Նեռն արդեն մեր մեջ շրջեր»։

Միեւնույն ժամանակ՝ Վենսը կրկին ընդգծել է, որ այժմ առաջին հերթին կենտրոնացած է փոխնախագահի իր աշխատանքի վրա. «Ես փորձում եմ հենց հիմա հնարավորինս շատ անել այն, ինչ հաճելի է Աստծուն»։

Միաժամանակ նա ավելացրել է. «Աշխարհի վերջի խնդիրները, մարգարեությունները եւ աստվածաբանությունն ինձ ամբողջ կյանքում հետաքրքրել են»։

«Ես շատ չեմ զարմանա, եթե պարզվի, որ աշխարհի վերջը մոտ է, բայց հիմա փորձում եմ հնարավորինս կենտրոնանալ Աստծո նախախնամության վրա, — ասել է ԱՄՆ փոխնախագահը։ — Եթե դա հանգեցնի աշխարհի վերջի, ապա թող այդպես լինի։ Իսկ եթե դա հանգեցնի ավելի լավ աշխարհի ստեղծմանը, որը կապրի եւ կբարգավաճի իմ մահից հետո շատ երկար ժամանակ, դա նույնպես հիանալի կլինի»։

BBC- ին ուշադրություն է հրավիրում, որ Վենսը կաթոլիկություն է ընդունել 2019 թվականին՝ 35 տարեկանում։ Նա պատմել է, որ Կաթոլիկ եկեղեցին համահունչ է եղել ընտանիքի եւ հասարակության մասին իր պատկերացումներին, ինչպես նաեւ իր պահպանողական քաղաքական հայացքներին։

Սակայն փոխնախագահի պաշտոնում Վենսը պարբերաբար տարաձայնություններ է ունեցել Հռոմի պապ Լեւոնի եւ նրա նախորդ Ֆրանցիսկոսի հետ, այդ թվում՝ Թրամփի վարչակազմի ներգաղթային քաղաքականության հարցում։

Հանրապետական կուսակցության հիմքերից մեկը ավանդաբար պահպանողական քրիստոնեական սկզբունքներն են։

ԱՄՆ հսկայական հատվածը, որը ներառում է հարավային նահանգները՝ Միսիսիպին, Ալաբաման, Կենտուկին, Տեխասը եւ այլն, ինչպես նաեւ Միջին Արեւմուտքի ընդարձակ շրջանները, որտեղ ավանդաբար քվեարկում են հանրապետականների օգտին, կոչվում է Bible Belt («աստվածաշնչական գոտի»)։

Այս վայրերի բնակչության մեծ մասը բողոքական է, այստեղ կենսակերպը մեծապես պայմանավորված է կրոնական համոզմունքներով, եւ բնակչությանը մոտ է Վաշինգտոնի կառավարության պահպանողական օրակարգը, երբ Սպիտակ տան ղեկավարը հանրապետական է։

Leave a Comment