Արարատ լեռանը մոտ տարածքում, Նոյյան տապանի որոնումների ընթացքում անոմալիաներ են հայտնաբերվել: Այս մասին, հղում անելով թուրքական «Միլիեթ» թերթին, տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: Հետազոտողները ռադիոլոկացիոն սկանավորման ընթացքում բազմաթիվ անկանոնություններ եւ հարթ եզրերով խոռոչներ են հայտնաբերել Նոյյան տապանի որոնման տարածքում: Արդյո՞ք սրանք աստվածաշնչյան նավի բեկորներ են՝ կպարզվի երկու ամսվա ընթացքում, ասել է նախագծի ղեկավար, պրոֆեսոր Ջենկեր Աթիլան:
Ուսումնասիրությունները կատարվում են Արարատից 28 կմ հեռավորության վրա գտնվող Դուրուփինար շրջանի ժայռագոյացության վրա, որի ուրվագիծը նման է հսկա նավի: Դրա երկարությունը 164 մետր է, որը համապատասխանում է 300 կանգունի՝ Հին Կտակարանում նկարագրված տապանի չափսին:
«Մեր նախագիծը մեկնարկել է 2026 թվականի հունիսի 28-ին: Մինչեւ այս պահը մենք ստեղծել ենք 3D մոդելներ, GPS կետեր եւ քարտեզներ: Մենք նաեւ ստորգետնյա հետազոտություններ ենք կատարել՝ օգտագործելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից գործածվող ռադիոորոնողական համակարգերը: Մենք փորձում ենք հասկանալ, թե արդյոք կա՞ն ստորգետնյա խոռոչներ, փայտի մնացորդներ կամ այլ բեկորներ, որոնք կարող էին կազմել նավի ձեւը: Չնայած վերջնական արդյունքներ կունենանք երկու ամսից, նույնիսկ ընթացիկ տվյալները շատ կարեւոր են մեզ համար»,- հնագիտության պրոֆեսորի խոսքերն է մեջբերել թուրքական թերթը:
Հնագետի խոսքով, հետազոտության ընթացքում ի հայտ են բերվել բազմաթիվ դատարկություններ եւ մի քանի մակարդակներում հատվող անկյունային կառուցվածքներ, որոնք միանում են կազմավորման կենտրոնական կողմում:
«Անոմալիաների եւ ուղիղ անկյան տակ հատվող խոռոչների առկայությունը հարց առաջացրեց, թե արդյոք դրանք կարո՞ղ են լինել նավի մաս: Մենք հողի նմուշներ ենք վերցրել եւ որոշ անալիզներ արել: Աշխատանքները շարունակվում են. մենք կվերցնենք հողի մոտ հազար նմուշ: Մեր ուսումնասիրությունների ընթացքում արդեն հաստատվել է, որ կազմավորման ներքին մասից ելնող ածխածնի քանակը 40%-ով ավելի է, քան արտաքին մասինը: Սա ենթադրում է օրգանական նյութի կամ փայտի մնացորդների առկայության հնարավորություն: Արդեն ընթացիկ տվյալները մեծացնում են այն բանի հավանականությունը, որ այստեղ Նոյի տապանն է»,- ասել է գիտնականը:
Ըստ Աստվածաշնչյան ավանդույթի, ինչպես հիշեցնում են լրատվամիջոցները, Արդար Նոյը Բարձրյալի հրամանով տապան էր կառուցել՝ իր ընտանիքն ու կենդանիներին Համաշխարհային ջրհեղեղից փրկելու համար: Ջրհեղեղից հետո տապանն իջել էր Արարատյան լեռներին: 1949 թվականին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը գաղտնի առաքելությամբ թռիչքի ժամանակ լուսանկարել է Դուրուփինարում գտնվող երկրաբանական կազմավորումը, որը գիտական աշխարհում ստացել է «Արարատյան անոմալիա» անունը:
Գ. Մ.