Կարելի է, իհարկե, հոռետեսական եզրահանգումներ անել Փաշինյան-Պուտին բիշքեկյան հանդիպումից, մեր ընդդիմության նման մաքսիմալիզմ դրսեւորել, թե բա` ամեն ինչ վատ է, ու ամեն ինչի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, կամ մեր իշխանականների պես ընկնել լավատեսական նիրվանայի մեջ Փաշինյանի բնորոշած` Պուտինի հետ շատ լավ հանդիպման մոտիվներով, չնայած Պուտինի պնդած «ԵՄ, թե ԵԱՏՄ» արագ ու հստակեցնող հանրաքվեի պահանջի, հետհանդիպումային ասուլիսում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ ավելի կտրուկ տոնի:
Բայց մենք այդպես չենք վարվի, քանի որ այս` իրար ժխտելու համատարած մաքսիմալիզմի, ընդդիմության սկեպտիցիզմի եւ իշխանության ավելորդ լավատեսության պարագայում միշտ կարիքը կա այն սթափ ձայների, որոնք համակված չեն այսուայն կողմին պաշտպանելու մոլուցքով եւ իրականությունից կտրվելու անհեռատեսությամբ:
Որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր նորովի վերաձեւակերպման կարիքն ունեն, դա էլ վիճարկելի չէ, քանի որ շատ ջրեր են հոսել ե’ւ վերջին պատերազմի ընթացքում դեֆորմացված եւ հետո էլ ավելի ծռմռված հայ-ռուսական փոխհարաբերությունների առումով, ե’ւ հին ձեւաչափերն այլեւս չեն գործում աշխարհում էլ, հայ-ռուսական գործակցության հարթույթում էլ: Մենք շատերս ենք դժգոհում Ռուսաստանի պահվածքից, հայկական ապրանքների ներմուծմանն արգելակելու, քաղաքական առումով մեր ներքին գործերին չափազանց շատ խառնվելու երկդիմի պահվածքից:
Բայց նաեւ պարզ է , որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի գնալու տարածաշրջանից, պատմականորեն չի գնացել եւ հիմա չի գնա` այդ երկրի շահերն այստեղ ամենուր առկա են, այնպես որ հայ-ռուսական հարաբերությունների նոր ձեւակերպումը, որը կբխի Հայաստանի շահերից եւ չի անտեսի ռուսական գործոնը, հիմա առավել քան օրախնդիր է ու պետք է ելնի ոչ թե ցանկություններից եւ զգացմունքներից, անգամ ոչ էլ պատմական դրվածքից, այլ ռեալպոլիտիկից:
Եթե այս դիտանկյունից նայենք Փաշինյան-Պուտին վերջին անբարեհարմար հանդիպմանն ու այն պայմանավորվածությանն, ըստ որի շուտով Մոսկվայում ամեն ինչ հստակեցնող Փաշինյան-Պուտին նոր հանդիպում է լինելու, ապա իրավունք ունենք սպասելու, որ այս անգամ հայկական կողմը կներկայանա նորալ-համալրված թիմով, նորմալ դիվանագիտական բալվանկաներով, քայլ-քայլ մտածված առաջարկներով, դիվանագիտոեն հաշվարկված բառուբանով, ու առիթ չի տա կոստյումը կոճկել-արձակելու, ինչ-որ բանից շփոթված կերպարանքը վերլուծելու տարընթերցումների: Անկախ այն բանից, որ Փաշինյանն, անշուշտ, լավատեսական շեշտադրումներ է անում եւ անելու է դեռ այդ հանդիպմանը:
Հիմա ամբողջ աշխարհում է աշխարհաքաղաքականությունը հենվում առետրի վրա (ԱԳՆ անվան մեջ առետուր որ ավելացրել եք`ավելի խորը նայել սովորելը չի խանգարի), առաջարկներն ու հայկական հակափաստարկները ռուսական կողմին այդ առումով պետք է ե’ւ ծանրակշիռ լինեն, ե’ւ ինքնիշխան Հայաստանի դերի գիտակցման հրավեր պարունակեն: Ճիշտ է, մեր հարեւանների եւ նրանց հետ կիսելու բան ունեցող Ռուսաստանի (ինչպես նաեւ մյուս մեծ տերությունների) հին-հարյուրամյա նկրտումները չեն փոխվել, եւ վաղ ժամանակների նման Սյունիքը հափռելու ախորժակ ունեն ինչպես մեր պատկից հարեւանները, այնպես էլ Ռուսաստանն ու այլ մեծ խաղացողներ, բայց ժամանակներն են փոխվել, եւ պետք է սովորել օգտվել նոր ժամանակների գործիքներից:
Այս առումով որ մտածում ես, օրինակ` ռուսական կողմից մատի փաթաթան դարձրած ԵՄ անդամակցության մեկնարկի մասին ԱԺ ընդունած անգործնական օրենքը լրիվ անիմաստ քայլ էր, իզուր չուզողների ձեռքը տրված կռվան, տնտեսական քաղաքականությանը խոչնդոտելու եւ հայկական կողմից հնչող անվերջ արդարացումների առիթ:
ԹՐԻՓՓ-ը, որ առաջին հայացքից հոյակապ ծրագիր է թվում, իր մեջ բազմաթիվ թաքնված ականներ ունի`այն ե’ւ հարեւանների, ե’ւ ռուսական կողմի համար գործընթացները մեր դեմ շուռ տալու ռեսուրս ունի, ու դիվանագիտական հմտություն է պետք` առաջիկա մոսկովյան հանդիպումից քամելու առավելագույնը: Էլ չասած, որ չի բացառվում նաեւ հակառակը` սպառնալից քայլեր մեր երկրի հանդեպ, քանի որ գործիքները նախ պետք է ունենալ, հետո դրանցից օգտվել կարողանալ: Թե չէ` Պուտինն ասի` հանրաքվե արեք, ընտրեք «ԵԱՏՄ, կամ` ԵՄ», Փաշինյանն ասի` դեռ ընտրության պահը չի հասունացել, սա տարբերակ չէ, մանավանդ երբ Պուտինն ասում է, թե թե մեկ այլ կազմակերպության միանալու մեկնարկի մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարություն:
Մերոնք առհասարակ շատ դեպքերում մակերեսային պատկերացումներ են գործադրում` փոխանակ պատմական փորձի եւ այսօրվա իրողությունների բարդ, բազմաքայլ հյուսվածքով հակափաստարկները փորձեն բալանսավորել, այն աստիճանի մակերեսում է անգամ սակարկությունը, որ երբեմն այնպես է թվում, թե մեր ռուսամետ ընդդիմադիր առանցքային դեմքերին կալանելը ոչ թե հակակոռուպցիոն բնույթ ունի նախ, այլ որպես աշխարհաքաղաքական կռվան է օգտագործվում, անկախ այն բանից, որ հակակոռուպցիոն ենթատեքստը կարող է համապատասխանել ժողովրդական պատկերացումներին: Անգամ անկողնային Գագիկ Խաչատրյանին պատգարակով քննչական ու դատարան քարշ տալն է հարցեր առաջացնում` ի՞նչ բազար է:
Դե իսկ Հայաստանի եվրագործընկերներն էլ քնած չեն, ու անկախ մեր արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիայի հրամայականից` որպես մեր քաղաքական ու տնտեսական անվտանգության երաշխիք, նրանց շահն էլ պահաջում է ռուսական ազդեցության նվազեցում մեր տարածաշրջանում, այդ թվում` Հայաստանում, ահա եւ նրանց արձագանքը հաջորդեց անմիջապես` Փաշինյան-Պուտին հանդիպման հենց հաջորդ օրը Եվրամիության խորհուրդը հավանություն տվեց Եվրախորհրդարան ուղարկվելիք այն առաջարկին, որով մի քանի հարյուր տեսակի հայկական ապրանք ԵՄ շուկա է մտնելու առանց մաքսատուրքի:
Դե ինչ, դժվար ժամանակները դեռ նոր են գալիս, սպասենք Փաշինյան-Պուտին հանդիպման մոսկովյան պարտիային, որտեղ սպասվում են ԵԱՏՄ անդամակցության, ՀԱՊԿ-ում Հայաստանի սառեցված հարաբերությունների, Հարավկովկասյան երկաթուղու, սահամանազատման, Բաքվում դատապարտված հայ գերիների, հայկական ապրանքների ներկրման արգելքի վերանայման, միգուցե նաեւ կալանված ռուսամետների խափանման միջոցի փոոխության եւ այլ կարեւոր հարցերի քննարկում` լուծումների ակնկալիքով: Չնայած բիշքեկյան հանդիպման տոնայնությունը հարաբերությունների բարելավման մեծ լավատեսություն չի ներշնչում, իսկ ռուսական կողմի պաշտոնյաների հետհանդիպումային բարձրաձայնումները ենթադրում են կոշտ որոշումներ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.