
ԱՄՆ-ի վարչակազմը չի մտադիր վերսկսել բանակցությունները Իրանի հետ, «մինչև առևտրային նավերի վրա կրակոցները չդադարեն»,- Սպիտակ տանը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Ինչ վերաբերում է բանակցությունների վերաբերյալ ձեր հարցին, նախագահը շատ հստակ է եղել։ Մենք նրանց հետ չենք բանակցում և չունենք դա անելու մտադրություն, մինչև նրանք չդադարեն առևտրային նավերի վրա կրակել», – ասել է նա։
Փոխնախագահը հավելել է, որ իր կարծիքով, լայնածավալ ռազմական գործողություններ ներկայում չեն ընթանում և շատ երկար ժամանակ չեն եղել։ «Ընդամենը մի քանի օր առաջ մենք քայլեր ձեռնարկեցինք, որպեսզի Իրանի համար դժվար լինի առևտրային նավերի վրա կրակելը՝ նավթի և գազի հոսքը համաշխարհային էներգետիկ շուկաներ ապահովելու համար», – հավելել է նա։
Վենսը նաև հայտարարել է, որ եվրոպական ռազմական ուժերը չեն կարողանում պաշտպանել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերն Իրանից, ինչը հանգեցնում է վառելիքի գների բարձրացմանը։
Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ նրան հարցրել են բենզինի բարձր գների մասին։ «Կարծում եմ, որ սա, անկեղծ ասած, հստակ ցույց է տալիս այն ծիծաղելի ատրոֆիան, որը մենք տեսել ենք մեր եվրոպացի դաշնակիցների կողմից և նրանց անկարողությունը իրականում որևէ բան անելու [ռազմական]՝ համաշխարհային էներգետիկ շուկաների մատակարարման [անվտանգությունը] ապահովելու համար», – ասել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահը ընդգծել է, որ իրանական հրետակոծության պատճառով «ակնհայտ է, որ որոշ նավեր չեն ցանկանում անցնել նեղուցով»։ «Շատ նավեր անցել են։ Միայն երեկ մոտ 15 միլիոն բարել [նավթ] անցել է Հորմուզի նեղուցով, չնայած Իրանը շարունակում է հրետակոծել նավերը», – ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Իրանում թիրախների վրա մի շարք հարվածների մասին։
Ավելին, ԱՄՆ փոխնախագահը խոստովանել է, որ վերջին տասնամյակների ընթացքում իր երկիրը չի հաղթել զինված հակամարտությունում։
«Իմ կյանքի 42 տարիների ընթացքում Ամերիկան բազմաթիվ պատերազմներ է մղել, և մենք գրեթե ոչ մեկում չենք հաղթել, մինչև Դոնալդ Թրամփը դարձավ Միացյալ Նահանգների նախագահ։ Ի՞նչ է դա ասում մեր ռազմական ղեկավարության մշակույթի, մեր պլանավորման մեթոդների և ի՞նչ է դա ասում Սպիտակ տան և Պենտագոնի քաղաքական ղեկավարության մասին վերջին 40 տարիների ընթացքում, երբ, անկեղծ ասած, մենք ռազմական անհաջողություններ ենք կրել», – լրագրողներին հարցրեց Վենսը։
Նա կարծիք հայտնեց, որ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը ձգտում է «վերակենդանացնել» ԱՄՆ զինված ուժերում մարտական ոգին, հավելելով, որ տեսնում է ապացույցներ, որ դա տեղի է ունենում։