Ի՞նչ կտա TRIPP-ը Սյունիքին․ ամերիկացի պաշտոնյաները ծրագիրը քննարկել են սյունեցիների հետ

Հայ և ամերիկացի պաշտոնյաները Սյունիքի համայնքների բնակիչների հետ քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի մանրամասները։ Գորիսում, Մեղրիում, Կապանում  տեղի ունեցած հանդիպումներում շեշտվել է, որ տարածաշրջանային հաղորդակցության ընդլայնումը տնտեսական նոր հնարավորություններ է ստեղծելու Հայաստանի և մասնավորապես Սյունիքի համար: Ամերիկացի պաշտոնյաներն արձանագրել են՝ սյունեցիներն աջակցում են TRIPP նախաձեռնությանը, բայց դրան առնչվող տարբեր հարցեր ունեն․ ե՞րբ է սկսվելու շինարարությունը, որտեղո՞վ է անցնելու ենթակառուցվածքը, ինչպե՞ս է դրա կառուցումն ազդելու ոռոգման ու ջրամատակարարման համակարգերի վրա։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի խոսքով՝ վերջին երկու ամիսներին Սյունիք կատարած այցերից պարզ է դարձել մեկ բան․ բնակիչները հետաքրքրված են TRIPP-ով, բայց շատերի համար ծրագրի մանրամասները դեռ հստակ չեն։ Այդ պատճառով էլ որոշվել է հենց տեղում սյունեցիների հետ քննարկել այն նախագիծը, որի մասին մինչև այժմ առավելապես խոսվել է Վաշինգտոնի ու Երևանի պաշտոնական հայտարարություններում։

Հանդիպումներին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դոկտոր Ջոն Ասքոնասը, Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները և ամերիկյան AECOM ինժեներական ընկերության մասնագետները։

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալեն. «Սկզբից անդրադառնամ բոլորին հետաքրքրող հարցերին․ ինչո՞ւ հիմնարկեքը չի կազմակերպվում, ինչո՞ւ բուն աշխատանքները դեռ չեն սկսվել։ Սա պարզ ծրագիր չէ․ դրա մեջ ներգրավված են երկու տարբեր կառավարություններ։ Երկու պետություններն ունեն իրավական տարբեր համակարգեր, կան նաև ինժեներական ու շինարարական հարցեր, այդ թվում՝ հստակեցնելու, թե ճանապարհը որտեղով է անցնելու»։

Ալենի խոսքով՝ այս փուլում հստակեցվում են նախագծի տեխնիկական և իրավական մանրամասները։ Եվ հենց տեղում հանդիպումների ժամանակ էլ տրվում են այն հարցերը, որոնց պատասխանները պետք է ստացվեն մինչև շինարարության մեկնարկը․

«Մեղրիում, օրինակ, հարցրեցին, թե երկաթգծի կառուցումն ինչպես է անդրադառնալու տարածքում գտնվող ջրագծերի, ոռոգման համակարգերի վրա։ Մինչև շինարարությունը սկսելը մենք պիտի ունենանք այս հարցերի պատասխանները»։

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության խոսնակ Անի Բադալյանը շեշտում է՝ նախատեսվող երթուղին լայն ենթակառուցվածքային ծրագիր է, որը տնտեսական նոր հնարավորություններ է ստեղծելու Հայաստանի և մասնավորապես Սյունիքի համար․

«Բոլոր փաստաթղթերում ֆիքսվել են այն հիմնարար սկզբունքները, որոնց հիման վրա իրականացվելու է TRIPP-ի ուղին՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, սահմանների անխախտելիություն ու, իհարկե, իրավազորություն։ Հայաստանը իրականացնելու է լիակատար վերահսկողությունը ծրագրի նկատմամբ։

Ուզում եմ նաև հիշեցնել, որ TRIPP-ի ուղին միայն երկաթգիծը չէ։ TRIPP-ի ուղին ենթադրում է ճանապարհներ, մալուխներ, էլեկտրագծեր և ունի տնտեսական շատ մեծ ազդեցություն ունենալու ներուժ։ Իհարկե, ամենևին չթերագնահատելով բուն երկաթգծի կարևորությունը ինչպես Հայաստանի համար՝ մի տարածքից մյուսի փոխկապակցվածությունը խթանելու, այնպես էլ միջտարածաշրջանային փոխկապակցվածության իմաստով»։

ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական Ջոն Ասքոնասը լրագրողների հետ զրույցում ասում է՝ չէր սպասում, որ բնակիչներն այսքան ակտիվ ու հետաքրքրված լինեն։

«Շատ ուրախալի է տեսնել մարդկանց հետաքրքրվածությունը, լսել նրանց հարցերը և նրանց փոխանցել անհրաժեշտ տեղեկություններ։ Հաճելի է տեսնել, թե որքան ակնկալիքներ ունեն Սյունիքի համայնքների բնակիչները նախագծից»։

Սակայն հարցերը միայն ճանապարհի և շինարարության մասին չեն։

«Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ ղեկավար Քրիստինե Սաղաթելյանին հետաքրքրում էր, թե որքանով են ծրագրում ներգրավվելու Սյունիքի հասարակական կազմակերպությունները և համայնքները։

«Ինձ հետաքրքիր էր ՀԿ-ների ներգրավվածությունը հետազոտություններում, տնտեսական վիճակը կառավարելու ծրագրերում։ Շատ լավ էր, որ գործընկերները հարցեր ուղղեցին՝ պարզելու սյունեցիների տնտեսական, սոցիալական շահերը TRIPP-ից։ Հույս ունեմ՝ առաջիկայում նման հանդիպումներ կլինեն, որովհետև նման կազմով հանրությանը ներկայանալը կարևոր է ամբողջ ծրագրի ընթացքում»։

Պաշտոնյաները հանդիպել են նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, այցելել TRIPP-ի երթուղու համար նախատեսվող տարածք։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու աշխատանքային շփումները նախագծի իրագործումն արդյունավետորեն առաջ մղելու համար։

Leave a Comment