Գործարար Նարեկ Նալբանդյանը հայտարարել է, որ որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի անդամների, նախկին իշխանությունների կամ որևէ քաղաքական ուժի հետ։ Նա այս մասին հայտարարել է՝ արձագանքելով Փաշինյանի՝ սեպտեմբերի 3-ի ճեպազրույցում հնչեցրած հայտարարություններին։
Նալբանդյանն իր հերքումը հրապարակել է «88» սուպերմարկետների ցանցի էջում։ Մամուլն ավելի վաղ գրել էր, որ ցանցը կապ ունի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Կապը դեռ 2025-ին հերքել էր գործարարաը։
Փաշինյանը, անդրադառնալով մամուլում Նալբանդյանի՝ իր ընտանիքի հետ կապերի մասին հրապարակումներին, այսօր հայտարարել էր, որ իրավապահ մարմիններին հանձնարարել է ստուգել այդ տեղեկությունները և վարույթներ նախաձեռնել։ Նա նշել էր, որ առայժմ նման կապը հիմնավորող տվյալներ չեն ներկայացվել, սակայն զգուշացրել էր՝ եթե ապացուցվի, որ Նալբանդյանը փորձում է նման տպավորություն ստեղծել, իշխանությունների արձագանքը «շատ դաժան» կլինի։
«Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նալբանդյանը, փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան»,- ասել էր Փաշինյանը։
Փաշինյանը հայտարարել է, որ Նալբանդյանն իրեն և իր ընտանիքին «տանելիության բոլոր սահմաններից դուրս» նյարդայնացնում է՝ հարց բարձրացնելով, թե ինչու նա չի հերքում իրենց միջև կապի մասին հրապարակումները։
Նալբանդյանն այսօրվա իր արձագանքում նշել է, որ նախկինում ևս հերքել է նման տեղեկությունները։
«Ես բազմիցս հերքել եմ այդ տեղեկությունները և այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարում եմ՝ ես որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ո՛չ ներկա, ո՛չ նախկին, ո՛չ էլ որևէ քաղաքական ուժի հետ։ Իմ բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ կապ չունի։ Այս հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է, և այս թեման ինձ համար սպառված է»,- գրել է նա։
Գործարարը հայտնել է, որ իր ներդրումային և բիզնես որոշումների պատասխանատվությունն անձամբ է կրում, իսկ ծրագրերն իրականացվում են իր միջոցներով և թիմի աշխատանքով։
«Ողջունում եմ վարչապետի դիրքորոշումը, որ որևէ գործարար չպետք է փորձի իր գործունեությունը կապել իր կամ իր ընտանիքի անվան հետ կամ այդպիսի տպավորություն ստեղծել։ Վստահ եմ, որ այս հայտարարությունը նաև վերջակետ կդնի իմ անվան շուրջ տարիներ շարունակ շրջանառվող անհիմն շահարկումներին»,- նշել է Նալբանդյանը։
