Առանց Ռուսաստանի Հայաստանին «կուլ տան». Պետդումայի անդամ

Երևանին չարժե երես թեքել Ռուսաստանից և հրաժարվել Գյումրիի ռազմաբազայից, քանի որ առանց իր ավանդական դաշնակցի Հայաստանին «կուլ տան», կարծում է Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկը («Եդինայա Ռոսիա»):

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր ปուտինը հայտարարել էր, որ եթե Երևանը գտնում է, որ Գյումրիում ՌԴ ռազմաբազան անհրաժեշտ չէ, ռուսական կողմը կհեռանա թեկուզ վաղը և ոչ ոքի ոչինչ չի պարտադրի: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել Հայաստանում ռուսական ռազմաբազայի պահպանումը, եթե Ռուսաստանը նման ցանկություն հայտնի: 

«Այս բազան հավասարակշռում է որոշակի սպառնալիքներ: Մի քանի տասնամյակ շարունակ այն արդարացված կերպով գտնվում է այնտեղ: Չարժե երես թեքել սեփական դաշնակիցներից․ իսկույն կուլ կտան: Փոքր երկիր է: Ռուսաստանը հավերժ օգնության է հասել Հայաստանին, և մեր ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար լավն են եղել», – ասել է Կոլեսնիկը «ՌԻԱ Նովոստի»-ին: 

Պատգամավորը հավելել է, որ երկրների միջև հարաբերություններն այժմ բարդացել են: Փաշինյանը, Կոլեսնիկի կարծիքով, պետք է կողմնորոշվի իր դաշնակիցների ընտրության հարցում և չփորձի «երկու աթոռի վրա նստել»:

«Մենք միշտ կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները», – ընդգծել է պատգամավորը:

Հայկական Գյումրիում, 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն, տեղակայված է ռուսական ռազմաբազան: 2010 թվականին փաստաթղթում կատարվել են փոփոխություններ․ դրա տեղակայման ժամկետը նախնական 25 տարուց երկարաձգվել է մինչև 2044 թվականը: 

Leave a Comment