1949 թվականին կտրուկ փոխվեց ներգաղթյալների նկատմամբ վերաբերմունքը։ «Խիստ գաղտնի» վերտառությամբ Հայաստանից Կրեմլ ուղարկվող զեկուցագրերը նկարագրում էին ոչ միայն այն ծանր իրավիճակը, որում հայտնվել էին ներգաղթյալները, այլև դրա հետ կապված դժգոհությունները։ Պարենը, հագուստը և բնակարանները չէին հերիքում. հատկապես ծանր էր անապահովների վիճակը։ Բացի այդ, տաք երկրներից եկածները պատրաստ չէին Հայաստանի խիստ ձմռանը։

Միևնույն ժամանակ փոխվում էր նաև միջազգային իրավիճակը։ Ձևավորվում էր ՆԱՏՕ-ն, ինչի պատճառով սկսվեց իրական ու հնարովի լրտեսների որս։ Հայաստանում սկսվեց ներքին միգրացիա. «անվստահելի» սփյուռքահայերին սահմանամերձ շրջաններից տեղափոխում էին երկրի խորքերը, իսկ ավելի ուշ սկսվեց իսկական մղձավանջը։ Ստալինի հրամանով մարդկանց ամբողջ ընտանիքներով, ապրանքատար փայտե վագոններով աքսորեցին Ալթայի երկրամաս և Սիբիր։ Ընդ որում, նրանց նույնիսկ հայ չէին անվանում. նրանք բոլորը «դաշնակ» էին։
Արդարության համար պետք է նշել, որ աքսորում էին ոչ միայն ներգաղթյալ հայերին, այլև Ղրիմում, Վրաստանում ու Ադրբեջանում բնակվող հայերին, ինչպես նաև չեչեններին, թաթարներին և այլ փոքրաքանակ ժողովուրդների։
Այս կերպ «ժողովուրդների հայր» Ստալինը փորձում էր ոչ միայն ազատվել բոլոր դժգոհներից (այդ թվում՝ գերմանական գերության մեջ եղած կամ պարտիզանական ջոկատներում կռվածներից), այլև բնակեցնել Ալթայն ու Սիբիրը։
Առաջին տարիների սոսկալի դժվարություններից հետո հայերն արագ ինտեգրվեցին. քանի որ նրանց մեջ կային հմուտ արհեստավորներ, նրանք սկսեցին կառուցել ու շենացնել իրենց «նոր հայրենիքը»։ Տուն վերադարձի ճանապարհը նրանք բռնեցին Ստալինի մահից միայն տարիներ անց։