Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել ցանկով նախատեսված ևս 50 դպրոցների կառուցման աշխատանքներ

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։ Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Ծրագրի շրջանակում մինչ այժմ ավարտվել են 28 դպրոցների կառուցման աշխատանքները։ Ներկայումս ընթանում են 18 դպրոցների շինարարական աշխատանքներ։ Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 15,000 աշակերտի համար։ Մշակվել են նաև տվյալ դպրոցների աղետների ռիսկի կառավարման և տարահանման պլանները։ Ծրագրի շրջանակներում մշակված և հաստատված են նաև ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերը և սեյսմակայուն շինարարության ուղեցույցը։ 3-րդ ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել ցանկով նախատեսված ևս 50 դպրոցների կառուցման աշխատանքներ։ Միաժամանակ վարկային միջոցները նախատեսված են նաև աղետների ռիսկի պաշտպանության, դպրոցաշինությանն առնչվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված այլ աշխատանքների իրականացմանը։ 3-րդ ծրագրի շրջանակում կատարվելու են հակասեյսմիկ չափանիշներին համապատասխանող 50 դպրոցների վերակառուցման աշխատանքներ, որոնց մոտավոր արժեքը կազմում է 366․0 մլն ԱՄՆ դոլար, որից՝ ՀՀ Կառավարության կողմից համաֆինանսավորման ծախսերը կազմում են 73․0 մլն ԱՄՆ դոլար (19.9%), իսկ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորումը կազմում է 293․0 մլն ԱՄՆ դոլար (80․1%):

Անդրադառնալով դպրոցաշինության ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն հաջողությամբ ընթանում է, և որ մինչև տարեվերջ կունենանք առնվազն 303 դպրոցների կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման ավարտ: Այդ համատեքստում վարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է շինաշխատանքները որակով իրականացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը։

«Ընդհանուր առմամբ գործընթացը հաջող է ընթանում, եթե չասեմ՝ լավ: Մենք հետևողականորեն պետք է շարունակենք»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ ծրագրի շրջանակում շուրջ 1000 դպրոց պետք է ունենալ, որպեսզի վստահ լինեն, որ ֆիզիկապես նորմալ ենթակառուցվածք է ստեղծվել ՀՀ-ում:

Leave a Comment