
Հայաստանի վարչապետի տպավորությամբ՝ ռուսական կողմը համաձայնել է քննարկել երկաթուղու կոնցեսիան երրորդ երկրին վաճառելու հնարավորությունը:
«Մենք [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ] հանդիպման ընթացքում պայմանավորվել ենք, որ պետք է աշխատենք կոնցեսիայի իրավունքը որևէ երրորրդ, ընդունելի երկրի վաճառելու ուղղությամբ», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախօրեին Վլադիմիր Պուտինի հետ Բիշքեկում բանակցած Փաշինյանը:
Ըստ Հայաստանի ղեկավարի՝ ըմբռնում կա, որ երկաթուղու կոնցեսիայի հարցը պետք է լուծվի. – «Արձանագրել ենք, որ ընթացիկ իրավիճակը չի կարող երկար շարունակվել», – շեշտեց նա:
Հայկական կողմն տարեսկզբից Մոսկվային առաջարկում է երկաթուղու 30-ամյա ռուսական կոնցեսիան վաճառել բարեկամական երրորդ երկրի՝ պնդելով, որ Արևմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի կառավարման պատճառով Հայաստանը տարածաշրջանում կորցնում է մրցակցությունը:
Պուտինի հետ հանդիպման բաց հատվածում վարչապետն առաջարկել էր քննարկել նաև Հայաստանում գործող ոչ շահութաբեր ռուսական ընկերությունների հարցը, բայց արդյո՞ք խոսքն երկաթուղու ռուսական կառավարմանն էր վերաբերում, չհստակեցրեց:
Հայտնի է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» հիմնականում վնասով է աշխատում: Փաշինյանի հետ հանդիպումից հետո Պուտինը հայտնել էր, որ իրենց հաջորդ քննարկման թեման նաև երկաթգծի շուրջ կծավալվի: Ընդ որում՝ նա միայն ներդրումներից էր խոսել, կառավարումը այլ երկրի զիջելու առաջարկի մասին ոչ մի ակնարկ չարեց:
«Նման ենթակառուցվածքներում ներդրումները կախված են բեռնափոխադրումների ծավալներից: Աստված տա՝ պատերազմական իրավիճակի ավարտից հետո ամեն ինչ այլ կերպ զարգանա, բացվի Թուրքիայի հետ սահմանը, մյուս ուղղությունները, և գուցե բեռնահոսք առաջանա։ Եթե առաջանա, այդ ներդրումները կարող է անել ցանկացած մեկը, Ռուսաստանն էլ կարող է անել», – ասել էր ՌԴ նախագահը: