Կառավարությունը $293 մլն վարկ կվերցնի 50 դպրոց կառուցելու համար – armeniatoday.am

ՀՀ կառավարությունը 293 մլն դոլարի վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրի» շրջանակում ևս 50 դպրոց կառուցելու և ծրագրով նախատեսված այլ աշխատանքներ իրականացնելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։

50 դպրոցների կառուցման ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 366 մլն դոլար։ Դրանից 293 մլն դոլարը՝ 80,1%-ը, կֆինանսավորի Ասիական զարգացման բանկը, իսկ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կկազմի 73 մլն դոլար՝ ընդհանուր արժեքի 19,9%-ը։

Վարկային միջոցները նախատեսվում է ուղղել նաև աղետների ռիսկերի կառավարման, դպրոցաշինությանն առնչվող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, ինչպես նաև ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներին։

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2016 թվականից։ Ծրագրի շրջանակում մինչ այժմ ավարտվել է 29 դպրոցի շինարարությունը, իսկ ևս 17 դպրոցում շինարարական աշխատանքները շարունակվում են։ Շահագործման հանձնված դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել ավելի քան 15 հազար աշակերտի համար։

Ծրագրի նախորդ երկու փուլերի շրջանակում Հայաստանին տրամադրվել է 81,5 մլն դոլարի և 54,2 մլն եվրոյի վարկային միջոց։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանցից ծախսվել է համապատասխանաբար 79,3 մլն դոլար և 49,6 մլն եվրո։

Leave a Comment