ՀՀ քննչական կոմիտեում քննարկվում է Երևանի քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանին պաշտոնից ազատելու հարցը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ Վարդանյանը նաև հրավիրվել և հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, որը քննում է ոստիկանության ծառայողի նկատմամբ ենթադրյալ խոշտանգման դեպքը։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսին՝ Երևանի Մալաթիա վարչական շրջանում գտնվող քննչական ստորաբաժանման հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ ծագած կոնֆլիկտից հետո։ Դրան ներգրավվել է ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Բագրատունյանը, որը հետագայում կալանավորվել է 2 ամաով։
Բագրատունյանի հարազատներն ու փաստաբանը պնդում են, որ ոստիկանության ծառայողին ծեծի են ենթարկել Քննչական կոմիտեի շենքում, այդ թվում՝ Վարդանյանի մասնակցությամբ։ Քննչական կոմիտեն հերքել է այդ պնդումները և հայտարարել, որ Բագրատունյանն ու նրա ավելի քան 20 հարազատները բռնություն են գործադրել քննիչների նկատմամբ և խուլիգանական գործողություններ կատարել։
Ոստիկանության ծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության մասին հաղորդումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնել։
