Հակամարտության գոտիներում ԱԹՍ-ների և ՌԷՊ միջոցների կիրառումը վտանգում է քաղաքացիական ավիացիան․ ICAO

Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը (ICAO) պաշտոնապես հայտարարել է, որ հակամարտության գոտիներում զենքի կիրառումը, ներառյալ անօդաչու թռչող սարքերը, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներն ու հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերը, վտանգավոր են քաղաքացիական ինքնաթիռների համար։

Կազմակերպությունն ընդգծել է, որ մարտական գործողությունների շրջաններում առկա է բարձր ռիսկ, որ ուղևորատար լայներները կարող են ենթարկվել հարձակման կամ պատահականորեն հայտնվել խաչաձև կրակի տակ։

Թեև ավիաընկերությունների՝ երթուղիները ճկուն կերպով փոխելու և վտանգավոր գոտիները շրջանցելու հնարավորությունը թույլ է տալիս շարունակել թռիչքները, այն, միևնույն է, չի վերացնում թռիչքների անվտանգությանը սպառնացող հիմնարար վտանգը։

Բացի անօդաչու սարքերից, քաղաքացիական նավագնացության ու կապի համակարգերի համար լուրջ սպառնալիք են նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, ինչպես նաև հեռահար զենքերն ու ՀՕՊ համակարգերը, որոնք կարող են սխալմամբ ուղևորատար ինքնաթիռը նույնականացնել որպես ռազմական թիրախ։

Այս կոչն արվել է այն բանից հետո, երբ Ուկրաինան պաշտոնապես զգուշացրել է կազմակերպությանը, որ Ռուսաստանի օդային տարածքն այլևս անվտանգ չէ քաղաքացիական ավիացիայի համար՝ ուկրաինական հրթիռների ու անօդաչու սարքերի պատասխան հարվածների պատճառով: Ռուսաստանի ավիացիոն իշխանություններն իրենց հերթին այս նախազգուշացումները որակել են որպես «պետական ահաբեկչություն»՝ հավաստիացնելով, որ ձեռնարկում են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները, և երկրի ներսում թռիչքներն ընթանում են բնականոն հունով:

Leave a Comment