Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը Հայաստանում աշխատում է համաձայնագրի պայմաններին համապատասխան։ Մենք թարմացրել ենք երկաթուղային շարժակազմը, այդ թվում՝ 2020-2021 թվականներին՝ ուղևորատար վագոնները։ Ընկերությունը շահույթ է ապահովում։ Ուստի մենք կոնցեսիան փոխանցելու պատճառ չենք տեսնում»,- ասել է Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ընկերությունը պատրաստ է նաև մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների հետագա զարգացմանը։
Օվերչուկը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարին որոշում է ընդունել աջակցել Հայաստանին՝ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ հայկական երկաթուղին կապող բացակայող հատվածների կառուցման հարցում։
«Կարող է շատ լավ փոխկապակցվածություն ստեղծվել։ Մենք պատրաստ ենք դա անել Հայաստանի կառավարության հետ միասին»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականին 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը, որը «Ռուսական երկաթուղիների» 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է։ Կոնցեսիոն պայմանագիրը ևս 10 տարով երկարաձգելու հնարավորություն է նախատեսում։
2026 թվականի օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Մոսկվային առաջարկում է Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան վաճառել երրորդ երկրի։