«Ղարաբաղ» կոմիտեի մի խումբ անդամներ այդ ժամանակ նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ 1991թ. օգոստոսին հիմնեցին ԱԺՄ կուսակցությունը։
Արդեն 1991 թ. սեպտեմբերի 25-ին, Վազգեն Մանուկյանը Գերագույն Խորհրդում ելույթ ունենալով հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից
ԱԺՄ-ի ստեղմանն արձագանքել էր «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից այդ օրերին ԳԽ նախագահ, ապա՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Radar Armenia-ն ներկայացնում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի 1991թ. օգոստոսի 23-ի համարում Տեր-Պետրոսյանի արձագանքը։
— Ինչպիսի՞ն է Ձեր անձնական վերաբերմունքը նորաստեղծ Ազգային-ժողովրդավարական միության նկատմամբ։
Լևոն Տեր-Պետրոսյան — Նախ, այս միությունը, իմ կարծիքով, ստեղծվում է զուտ գործնական նպատակով. դա պարզապես վարչապետի պրեզիդենտական ընտրարշավի բաղկացուցիչ մասն է։ Մեկը նույնիսկ շատ հաջող կատակեց՝ այն կոչելով ազգային-ժամանակավոր միասնություն։
Դա իսկապես ժամանակավոր միություն է։ Ըստ երևույթին, այն կստեղծվի, կօգտագործվի նախագահական ընտրության համար, որից հետո, կատարելով իր դերը, կվերանա։ Այդպես եմ կարծում, որովհետև չեմ տեսնում միության գաղափարախոսությունը։
Ընդհանրապես, այսօր Հայաստանում գաղափարների վակուում գոյություն չունի։ Մեր ազգային կյանքում ներկայացված են բոլոր գաղափարները՝ սկսած ազգայինից, ազգայնականից, ռամկավար-ազատականից, զուտ սոցիալականից, վերջացրած ազգայնամոլությամբ։ Եվ այս բոլոր գաղափարներն էլ ունեն իրենց կրողները՝ հանձինս բազմազան հասարակական-քաղաքական կազմակերպությունների ու կուսակցությունների։
Ուստի ոչ մի անհրաժեշտություն չկա, որպեսզի ստեղծվի մի կազմակերպություն, որը լցնի այդ գաղափարական վակուումը։
Միության կողմից հռչակվում են գաղափարներ, ինչպիսիք են՝ համաշխարհային ազգ, ազգ-կազմակերպություն, համաշխարհային առաքելություն և այլն, որոնք, կարծում եմ, դատարկ խոսքեր են, ու դրանցից վտանգավոր, չեմ ուզում ասել՝ ֆաշիզմի հոտ է փչում։
Միակ մխիթարությունն այն է, որ ես լավ եմ ճանաչում միության կազմակերպիչներին՝ և՛ Վազգեն Մանուկյանին, և՛ Դավիթ Վարդանյանին, ու կարող եմ հավաստել, որ դա նրանց համոզմունքը չէ։ Պարզապես ընտրապայքարի կոնյունկտուրան նրանց հարկադրել է օրիգինալության համար տուրք տալ նման գաղափարների։
Միության հաջորդ դրույթն այն է, որ այն հավակնում է ազգային գաղափարի շուրջ միավորել բոլոր քաղաքական կազմակերպությունները։ Սա մի հավակնություն է, որ իբր առջև դրել էր, բայց չկարողացավ իրականացնել։
Սա ևս ես համարում եմ անհիմն հավակնություն, որովհետև այսպիսի հավակնությունը կարող է սազել միայն շարժման, որը կարողացել է իր պետականությունը ստեղծել, մի շարժման, որը պայքարում է օտար պետության դեմ։
Այդպիսի վիճակ էր Հայաստանում մեր պայքարի անցած երեք տարիների ընթացքում, թեև հանրապետությունում իշխում էին հայազգի ղեկավարներ, բայց դա մեր ժողովրդի համար օտար պետություն էր. նրանք ծառայում էին ռուսական կայսրության շահերին։
Եվ այս դեպքում իսկապես հնարավոր էր տարբեր կուսակցությունների, քաղաքական հոսանքների միասնություն, մի այնպիսի համաժողովրդական շարժում, որն, իրոք, ստեղծվեց։ Դա ՀՀՇ-ն էր, որը միանգամայն արդարացրեց իրեն պատմության այդ փուլում։
Իսկ երբ այդ շարժումը հանգեցրեց ազգային պետականության ստեղծմանը, հասարակական մակարդակով կուսակցությունների, քաղաքական հոսանքների այսպիսի միասնության անհրաժեշտությունը ինքնին վերացավ, որովհետև դրա ապահովման երաշխիքը արդեն դարձավ պետությունը, խորհրդարանը։
Այդ միասնությունը կա։ Բոլոր քաղաքական կուսակցությունները ներկայացված են խորհրդարանում, նրանք բոլորը օժտված են պետության հովանավորությամբ, նրանց տրված է մամուլի, խոսքի, խղճի լիակատար ազատություն, և նրանք կարող են իրենց մասնակցությունը միասնական ուժերով, արդեն պետական մակարդակով, բերել մեր ազգային խնդիրների իրագործմանը։
Ես չեմ կարող համաձայնել միության հռչակագրի ևս մեկ դրույթի հետ. դա այն պնդումն է, որ իբր ոչ մի կուսակցություն չի զբաղվում ազգային խնդիրներով, դրա համար անհրաժեշտ է ստեղծել այս նոր կազմակերպությունը։
Երբ կա ազգային պետություն, ինձ համար անհասկանալի է ազգային և ոչ ազգային խնդիրների զանազանումը։ Ազգային պետության համար բոլոր խնդիրներն էլ՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ իրավական, և՛ բնապահպանական, և՛ այլն, ազգային խնդիրներ են։
Մի խոսքով, ես չեմ նախանձում իմ ընկերներին, որոնք իրենց ապարդյուն ջանքերն են թափում միանգամայն դատարկ գաղափարախոսությամբ նոր հասարակական-քաղաքական կազմակերպություն ստեղծելու ուղղությամբ։
