Գույքահարկը կարող է զգալիորեն նվազել․ նոր նախագիծ՝ բեռնատարների համար

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով Հայաստանում նախատեսվում է խթանել համակցված բեռնափոխադրումները՝ ավտոմոբիլային տրանսպորտը համադրելով երկաթուղային կամ ջրային փոխադրումների հետ։ Նախագծով առաջարկվում է նաև յուրաքանչյուր համակցված փոխադրման համար բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների գույքահարկը նվազեցնել 1 տոկոսային կետով՝ առավելագույնը 100 տոկոսով։

ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 1-ի N 666-Լ որոշման hավելված N 3-ի  Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և Ատոմային Էներգիայի Եվրոպական Համայնքի ու Դրանց Անդամ Պետությունների Միջև Կնքված Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի 38-րդ կետը նախատեսում է Ծովային փոխադրումների ոլորտի օրենսդրության ընդունում, այդ թվում Խորհրդի 1992թ. դեկտեմբերի 7-ի 92/106/ԵՏՀ հրահանգին (այսուհետ՝ Հրահանգ) համապատասխան ՀՀ օրենսդրության բարեփոխում։

Հրահանգն ուղղված է խրախուսելու համակցված փոխադրումները՝ այսինքն, այն փոխադրումները, որտեղ բեռնատարը, կցորդը, կիսակցորդը (քարշակով կամ առանց դրա), փոխարինելի թափքը կամ 20 ֆուտ կամ ավելի չափսի կոնտեյները երթուղու սկզբնական կամ վերջնական հատվածում օգտագործում են ավտոմոբիլային ճանապարհը, իսկ մյուս հատվածում՝ երկաթուղային, ներքին ջրային կամ ծովային տրանսպորտ, և այդ (երկաթուղային կամ ջրային) հատվածի երկարությունը ուղիղ գծով գերազանցում է 100 կիլոմետրը։ Ընդ որում, փոխադրման ավտոճանապարհային հատվածը պետք է անցնի բեռնման վայրից մինչև մոտակա հարմար երկաթուղային կայարան (սկզբնական հատվածի համար) կամ կայարանից մինչև բեռնաթափման վայր (վերջնական հատվածի համար), իսկ նավահանգիստների դեպքում՝ չգերազանցի 150 կիլոմետր շառավիղը ուղիղ գծով՝ բեռնման/բեռնաթափման կետից մինչև նավահանգիստ։ Հրահանգի պահանջների համաձայն՝ անդամ պետությունները պարտավոր են ազատել համակցված փոխադրումները բոլոր քվոտաների, պարտադիր սակագների ու թույլտվությունների համակարգերից, ապահովել տրանսպորտային փաստաթղթերում կայարանների կամ նավահանգիստների նախնական նշումն ու դրանց վավերացումը կնիքով, ինչպես նաև կիրառել այդ փոխադրումներում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների մասով հարկերի արտոնություններ։

 ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ելնելով վերոգրյալից` նախագծերի փաթեթի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ Հայաստանի Հանրապետությունում համակցված փոխադրումների իրականացման և զարգացման համար՝ Հրահանգին համահունչ:

 ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Տրանսպորտի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում: Մասնավորապես առաջարկվում է՝

  • «Տրանսպորտի մասին» օրենքը լրացնել նոր՝ 3.1-ին գլխով, որով սահմանվում է համակցված փոխադրման հասկացությունը որպես ապրանքների միջազգային փոխադրում, որի որևէ հատվածն իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտով, իսկ մյուս հատվածը՝ երկաթուղային կամ ջրային (ծովային կամ ներքին ջրային) տրանսպորտով՝ սահմանելով նաև այլ պայմանները:
  • Ամրագրել համակցված փոխադրումների փաստաթղթավորման պահանջները՝ սահմանելով նախքան փոխադրման մեկնարկը ապրանքատրանսպորտային բեռնագրում (CMR) կամ այլ ուղեկցող փաստաթղթում կայարանների և նավահանգիստների նշման անհրաժեշտությունը, ինչպես նաև փաստացի կատարումը հաստատող ֆիզիկական կամ էլեկտրոնային դրոշմակնիքի (կնիքի) կիրառումը:
  • ՀՀ հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել նոր՝ 6-րդ մասով, որի համաձայն տվյալ հարկային տարվանը նախորդող տարում համակցված փոխադրումներում օգտագործված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկը նվազեցվում է մեկ տոկոսային կետով յուրաքանչյուր համակցված փոխադրման համար, սակայն ոչ ավելի, քան 100 տոկոսային կետը::

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն համակցված փոխադրումների զարգացմանը նպաստող իրավական և հարկային բարենպաստ պայմաններ: Օրենսդրական և հարկային այս գործիքակազմի կիրառումը թույլ կտա խթանել երկաթուղային, ջրային և ավտոմոբիլային տրանսպորտների արդյունավետ համադրումը:

ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

Նախագծի ընդունումն ապահովում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և Ատոմային Էներգիայի Եվրոպական Համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հավելված 1-ի և ՀՀ վարչապետի 2019 թ. հունիսի 1-ի N 666-Լ որոշման hավելված N 3-ի  Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և Ատոմային Էներգիայի Եվրոպական Համայնքի ու Դրանց Անդամ Պետությունների Միջև Կնքված Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի Կիրարկման ճանապարհային քարտեզի 38-րդ կետի դրույթների կատարումը։

ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող՝ «Արևելյան գործընկերության երկրների միջև և ԵՄ-ի հետ կայուն ու թվային առևտրային ուղիների և լոգիստիկ հայեցակարգերի հզորացում» ծրագրի փորձագետների աջակցությամբ:

Leave a Comment