Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին վերաբերվող ասուլիսի ժամանակ փաստաբան Արա Ղազարյանը հայտարարել է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկները հարմարեցված չեն հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին և չունեն մշտական խնամք տրամադրող աշխատողների հաստիքներ։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-յան ալիում։
«Երկու տարի առաջ մեր կազմակերպությունը մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի բոլոր դատարանների շենքերում։ Կան նաև ՄԻՊ-ի բազմաթիվ հրապարակումներ այն մասին, որ մեր կալանավայրերն ու դատարանների շենքերը չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմաններին։ Օրինակ՝ սանհանգույցները հարմարեցված չեն, և դա ինքնին խտրականություն է՝ անկախ նրանից՝ նման մտադրություն եղել է, թե ոչ»,- նշել է Ղազարյանը։
Ղազարյանը նշել է, որ սանհանգույցները մատչելի չեն հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Նրա գնահատմամբ՝ երբ անձը չի կարող օգտվել սանհանգույցից՝ դրա հարմարեցված չլինելու պատճառով, դա արդեն խտրականություն է՝ անկախ դիտավորության առկայությունից։
«Մի պաշտպանյալ ունեի, որը չէր կարողանում լոգանք ընդունել և չորս ամիս լոգանք ընդունել չէր։ Երբ իշխանությունների հետ վեճ առաջացավ, նրանք ինձ մեղադրեցին փաստերը ճիշտ չներկայացնելու մեջ, որովհետև նա ոչ թե չորս, այլ երկու ամիս լոգանք չէր ընդունել։ Հիմա սա ի՞նչ է՝ կատա՞կ, չար կատա՞կ»,- ասել է Ղազարյանը։
Նա հավելել է, որ քրեակատարողական հիմնարկներում հարմարեցված չեն նաև ինքնուրույն սնվելու և առօրյա այլ կարիքները հոգալու պայմանները։ Բացի այդ, չկան խնամք տրամադրող աշխատողների հաստիքներ, ինչի հետևանքով ինքնուրույն սնվել, հագնվել կամ առողջական վիճակին հետևել չկարողացող անձինք անհրաժեշտ օգնություն չեն ստանում։
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանի պնդմամբ՝ Խաչատրյանն ավելի քան 24 ժամ չի սնվել, ինչպես նաև չի ստացել իր համար նախատեսված դեղորայքը։
Սարգսյանը հայտարարել է, որ Խաչատրյանի առողջական վիճակը հաշվի չի առնվել նրան դատական նիստին տեղափոխելիս։
Սարգսյանը հավելել է, որ բժշկական հիմքերը ներկայացնելուց հետո իրավապահ մարմինները նոր փորձաքննություններ են նշանակել՝ բուժման նպատակով նրա՝ «երկրից մեկնելը սահմանափակելու համար»։
Սարգսյանի պնդմամբ՝ Մարդու իրավունքների միջազգային դատարանին պատասխան ներկայացնելու համար պետությունն ընդամենը մեկ օրում փորձաքննություն է անցկացրել և առանց պատշաճ հետազոտության եզրակացրել, թե «հիվանդությունները կան, բայց բուժման կարիք չկա»։
Փաստաբանի խոսքով՝ հետագայում Հայաստան հրավիրված գերմանացի մասնագետը Խաչատրյանին հետազոտելուց հետո արձանագրել է, որ Հայաստանում չկան վիրահատությունն անվտանգ իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումներն ու գործիքակազմը։
«Չնայած գերմանացի բժշկի այս պնդմանը՝ դատարանը կրկին մերժել է բուժման մեկնելու թույլտվությունը»,- ասել է Սարգսյանը։
