«Մեր իրավունքներն անօտարելի են». Երևանում խոսել են արցախցիների վերադարձի մասին

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առթիվ Երևանում նրա ներկայացուցչությունում խոսել են արցախահայերի անվտանգ և հավաքական վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։ Միջոցառման ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia TodayYouTube-յան ալիքը։

Հանդիսավոր նիստը տեղի է ունեցել Արցախի անկախության օրը։ Միջոցառմանը մասնակցել են արցախյան ու հայաստանյան պետական ու հասարակական գործիչներ, մտավորականներ։

Հանդիսավոր նիստը սկսվել է Հայաստանի ու Արցախի հիմներով, որին հաջորդել է Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի օրհնության աղոթքը։

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանը հայտարարել է, որ բռնի տեղահանումը չի զրկում արցախահայերին իրենց իրավունքներից, քանի որ դրանք անօտարելի են՝ անկախ ժողովրդի գտնվելու վայրից։

«Հիմա ամեն բան պետք է անենք, որ այդ իրավունքները դառնան գործ։ Տպավորություն չպետք է ստեղծվի, որ մենք համակերպվել ենք այս իրավիճակի հետ։ Նախ և առաջ քաղաքական կամք է պետք իրավունքի պաշտպանության համար, միայն օրենքը բավարար չէ»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ խաղաղությունը չի կարող նշանակել, որ գերիները պետք է մատնվեն մոռացության, իսկ մշակութային կոթողները՝ ոչնչացվեն։

«Իրական խաղաղությունը պետք է արձանագրի այս բոլոր հետևանքները։ Մենք հիմա մեր հայրենիքի ներսից չենք խոսում, բայց դա չի նշանակում, որ մենք իրավունք չունենք խոսել մեր հայրենիքի անունից։ Ժողովրդի անվտանգ և հավաքական վերադարձի ուղղությամբ պետք է աշխատենք»,- շեշտել է նա։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խոսելը, իր գնահատմամբ, չի նշանակում Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առաջադրում։

«Երբ արցախցիների վերադարձի իրավունքի մասին է խոսվում, չի նշանակում, որ Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի։ Նրանք,ովքեր չեն սկսել Արցախի շարժումը, այն ավարտված համարելու իրավունք չունեն»,- ասել է Խաչատրյանը։

Արցախի խորհրդարանը կշարունակի աշխատանքը

Արցախի ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը հայտարարել է, որ ստեղծված ներքաղաքական և արտաքին քաղաքական պայմաններում նոր ընտրությունների անցկացումը նպատակահարմար չեն համարում, սակայն բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում պատրաստ են պատշաճ ընտրական գործընթաց կազմակերպել։

«Հաշվի առնելով ստեղծված աննախադեպ ծանր պայմանները, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը, բռնի տեղահանումը, Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող ճնշումները, ինչպես նաև պետական ինստիտուտների և լծակների բացակայությունը՝ մենք այս փուլում չենք կարող նոր ընտրություններ կազմակերպել։ Ազգային ժողովը շարունակելու է իր գործունեությունը ստեղծված պայմաններում և պատրաստակամություն է հայտնում հնարավոր բարենպաստ պայմանների ձևավորման դեպքում կազմակերպել պատշաճ ընտրական գործընթաց»,- նշել է նա։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 2-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում Բաղունցը հերքել էր ԶԼՄ-ների տեղեկությունները, թե Արցախի խորհրդարանը նիստեր չի անցկացնում քվորում ապահովելու անհնարինության պատճառով։ Նրա խոսքով՝ նիստերի անցկացումը ժամանակավորապես հետաձգվել է՝ հաշվի առնելով քաղաքական իրավիճակը։

Քաղաքական և իրավական գնահատականներ

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նշել է, որ Հայաստանի նախկին ղեկավարներից ոչ մեկը, իր գնահատմամբ, այնքան չի վնասել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին, որքան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը բեկում է մտցրել կարգավորման գործընթացում։

Նրա խոսքով՝ ՀՀ-ն դարձել է Ադրբեջանի ղեկավարության ցանկությունների անվերապահ կամակատարն ու դժվար է գտնել մի պահանջ, որին ՀՀ-ն կառարկի։

«Կա՞ մի բան, որ Ալիևը պահանջի՝ Փաշինյանը պատասխանի՝ ոչ։ «Ոչ» ասելու առաքելությունն 88 թվականի նման ընկել է հայ ժողովրդի վրա»,- նշել է Զուրաբյանը։

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն իր հերթին պնդել է, որ Ադրբեջանը մինչ օրս չունի հռչակված տարածքներ և սահմաններ՝ հորդորելով կասկածների դեպքում ուսումնասիրել համապատասխան փաստաթղթերը։

Leave a Comment