Փաշինյան–Պուտին հերթական հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահի հետ Բիշքեկում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի համար չափազանց կարևոր են փոխհարաբերությունները, և Երևանն ու Մոսկվան խնամքով են վերաբերվում այդ հարաբերություներին։ Բայց Փաշինյանը նաև ընդգծել է, որ նոր միջավայրում այդ հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա, ինչի շնորհիվ դրանք ավելի կառուցողական, փոխշահավետ ու ջերմ կլինեն։
Փաշինյան–Պուտին առաջին դեմ առ դեմ հանդիպումը Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրություններից հետո։ Նրանց նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2026 թվականի ապրիլին։ Իսկ այս հանդիպումը Բիշքեկում էր՝ Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Ինչպես և ակնկալվում էր, հանդիպման քննարկման հիմնական թեման հայ–ռուսական հարաբերություններն էին՝ տնտեսական շեշտադրմամբ ու քաղաքական ենթատեքստով։ ՀՀ վարչապետը վերահաստատում է՝ պաշտոնական Երևանը բարձր է գնահատում և խնամքով է վերաբերվում Մոսկվայի հետ հարաբերություններին և ձգտում է պահպանելու կառուցողական երկխոսությունը։
«Առաջին հերթին ցանկանում եմ հաստատել, որ մենք շահագրգռված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մեջ։ Պարզապես պետք է նաև արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում մեր ամբողջ տարածաշրջանում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխվել է, և մեզ թվում է, որ պետք է իրավիճակին նայել հենց այս տեսանկյունից, որովհետև Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հակամարտային իրավիճակում այլ իմաստ ունեին, իսկ այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, մեզ թվում է, որ անհրաժեշտ է իրավիճակին արդեն թարմ հայացքով նայել»։
Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է՝ շուրջ 30 % մասնաբաժնով և Հայաստանի տնտեսության մեջ արվող ներդրումներով։ Ընթացիկ տարվա առաջին կեսին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 մլրդ դոլար՝ վիճակագրական թվեր է մեջբերում Ռուսաստանի նախագահը․
«Իրականացվում են փոխշահավետ նախագծեր արդյունաբերության և գյուղատնտեսության, հանքարդյունահանման, խաղաղ ատոմի, տրանսպորտի, թվային տնտեսության ոլորտներում։ Ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներն են՝ ստեղծում են աշխատատեղեր, փոխանցում ժամանակակից տեխնոլոգիաներ, ամրապնդում երկրի էներգետիկ անվտանգությունը»։
Մասնագիտական դաշտում ընդգծում են՝ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը այս տարվա առաջին կեսին նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 21 %-ով՝ 3,33 միլիարդից հասնելով 2,5 մլրդ դոլարի։ Տնտեսագետները Ռուսաստան արտահանման ծավալների անկում են նկատում։ Սա հատկապես այս տարվա մայիսից, երբ ՌԴ–ն սահմանափակումներ մտցրեց Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական ապրանքների հիմնական մասի նկատմամբ։
Տնտեսագետ Աղասի Թավադյան․ «2026 թվականի առաջին կեսին, համեմատած 2025-ի նույն ժամանակահատվածի հետ, գյուղատնտեսությունը տնտեսական ակտիվության մեջ անկում է ապրել 11,9 %-ով, այսինքն՝ մեծ հարված է կրել»։
Հայաստանում բազմաթիվ ռուսականձեռնարկություններ են գործում։ Դրանց մի մասը, ըստ Հայաստանի վարչապետի, բարձր շահութաբերություն ունեցող ընկերություններ են: Այդ ձեռնարկությունները բաժանվում են մասի՝ ընդգծում է Նիկոլ Փաշինյանը․
«Կան ընկերություններ, որոնք հաջողությամբ գործում են, այսինքն՝ շահութաբեր են և զարգանում են, բայց կան նաև ընկերություններ, որոնք, ցավոք, շահութաբեր չեն և չեն զարգանում։ Եվ սա, կարծում եմ, խնդիր է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի Դաշնության համար։ Սա նույնպես հարց է, պետք է դիտարկել և քննարկել նաև այս հարցերը, այս նրբությունները»։
Քննարկման հիմնական թեմաներից մեկը՝ ԵՄ, թե ԵԱՏՄ, շատ է քննարկվում և՛ աշխատանքային մակարդակով, և՛ հրապարակայնորեն։ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է 2025–ին ԱԺ ընդունած օրենքը Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Նա նշում է, որ վերլուծել են Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա պայմանագրային բազան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում գոյություն ունեցող պայմանագրերը․
«Անկեղծ ասած, որևէ խախտում չենք հայտնաբերել այն պարտավորությունների, որոնք Հայաստանն ունի Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ, որովհետև նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ուղղակիորեն ասված է, թե ինչպես պետք է գործել, եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։
Ի դեպ, այնտեղ չկա այնպիսի կարգավորում, ըստ որի՝ անդամ պետությանը կարելի է հեռացնել կազմակերպությունից։ Այսինքն՝ այնտեղ նախատեսված է՝ եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից»։
Այդ կարգավորման համաձայն՝ տվյալ երկիրը վեց ամիս առաջ պետք է տեղեկացնի գործընկերներին։ Իսկ Հայաստանը այս պահի դրությամբ այդ քայլին չի դիմել։ Հայաստանի վարչապետը կարծում է, որ պետք է հենվել հենց այդ փաստի վրա, քանի որ դրա վերաբերյալ հանրաքվեի հարցը շատ է քննարկվել։ Փաշինյանն ընդգծում է, որ օրենքի ընդունումն արդեն իսկ նշանակում էր հանրաքվեի գաղափարից հրաժարում։ Ըստ նրա՝ եթե այն ժամանակ խորհրդարանը չընդուներ այդ օրենքը , ապա նախաձեռնողները կարող էին հավաքել ևս 250 հզր ստորագրություն, և եթե խորհրդարանը դարձյալ մերժեր, ՀՀ–ում պետք է հանրաքվե անցկացվեր։
ՌԴ նախագահն ընդգծում է՝ երկրի հետագա քաղաքական-տնտեսական կուրսի ընտրության վերաբերյալ պետք է հստակ արտահայտվի Հայաստանի ժողովուրդը։ Սակայն, ըստ ՌԴ նախագահի, կարևոր է նաև առկա իրողությունները հաշվի առնելով դիմել համապատասխան քայլերի․
«Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք հարգանքով կվերաբերվենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության։ Ինչպես կորոշի Հայաստանը, այդպես էլ կլինի։ Բայց մենք պետք է մեր առևտրատնտեսական քաղաքականությունը համապատասխանեցնենք այդ հնարավոր որոշումներին, և կցանկանայինք խնդրել Ձեզ հնարավորինս արագ այս հարցում հստակություն մտցնել»։
Հայաստանի վարչապետն ընդգծում է՝ կգա այդ ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի շատ հստակ ընտրություն կատարել։ Պարզապես Հայաստանի դիրքորոշումն այն է, որ այս պահին ժամանակը դեռ չի հասունացել, քանի որ Հայաստանն այս պահին այլընտրանք չունի։ Եվ երբ այն ստեղծվի կամ եթե ստեղծվի, Հայաստանն ընտրություն կկատարի՝ հանրաքվեի միջոցով կամ առանց հանրաքվեի, շեշտում է Նիկոլ Փաշինյանը։