ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ՀՀ արտահանման 80%-ի ժամանակավոր ազատականացմանը

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ն ընդգրկող առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներին, հայտնում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

Միջոցները նախատեսված են երկու տարվա համար։

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ն ընդգրկող առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներին, հայտնում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։ Միջոցները նախատեսված են երկու տարվա համար։

Նախատեսվող կարգավորումը ժամանակավորապես կկասեցնի հայկական ապրանքների լայն շրջանակի ներմուծման մաքսատուրքերը։ Ցանկում ներառված են նաև որոշ գյուղատնտեսական ապրանքներ, որոնց համար սահմանված են սակագնային քվոտաներ։

Ըստ հաղորդագրության՝ միջոցները կգործեն կարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի։ Դրանք կընդգրկեն **ապրանքատեսակներ, որոնք համապատասխանում են դեպի Ռուսաստան ուղղվող հայկական թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99%-ին, ինչպես նաև խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման ավելի քան 91%-ին**։

Նախատեսված են նաև ԵՄ շուկայի պաշտպանության միջոցներ, եթե հայկական ապրանքների ներմուծումը բացասաբար ազդի եվրոպացի արտադրողների վրա։

«Եվրոպան Հայաստանի և նրա ժողովրդի կողքին է։ Այսօրվա որոշումը հստակ ուղերձ է. տնտեսական հարկադրանքի դեպքում ԵՄ-ն արձագանքելու է։ Մենք նոր հնարավորություններ կստեղծենք և կաջակցենք մեր գործընկերներին»,- հայտարարել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն Մաքենթին։

ԵՄ խորհրդի հաղորդագրության համաձայն՝ միջոցների նպատակն է աջակցել Հայաստանին Ռուսաստանի կողմից վերջերս սահմանված առևտրային սահմանափակումներից հետո, որոնք խաթարել են հայկական արտահանումն ու տարանցիկ ուղիները։ Նախաձեռնությունը նաև ուղղված է Հայաստան-ԵՄ առևտրային հարաբերությունների ամրապնդմանը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում։

Արտոնյալ ռեժիմը կգործի մի շարք պայմանների պահպանման դեպքում։ Հայաստանը, մասնավորապես, պետք է պահպանի ապրանքների ծագման կիրառելի կանոնները, ԵՄ-ի հետ համագործակցի վարչական հարցերում, Եվրամիությունից ներմուծման նկատմամբ նոր սահմանափակումներ չսահմանի և պահպանի ՀԸԳՀ-ի հիմնարար դրույթները, այդ թվում՝ ժողովրդավարական սկզբունքների, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների վերաբերյալ։

Սպասվում է, որ Եվրախորհրդարանը սեպտեմբերյան լիագումար նիստում առանց փոփոխությունների կընդունի նախագիծը։ Դրանից հետո ԵՄ խորհուրդը պետք է վերջնականապես հաստատի այն։ Կարգավորումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը։

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կողմից («Ռոսսելխոզնադզոր») հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներից հետո, ՀՀ կառավարությունը աջակցման ծրագրեր էր նախաձեռնել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2-ին առաջարկել էր ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ը և ռուսական շուկայից կախված արտադրանքի մի մասի վերաուղղել դեպի Եվրամիություն։

Leave a Comment