
Եվրոհանձնաժողովը Կիևից ստացել է մի քանի միլիարդ եվրոյի ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ հայտ՝ PAC-3 Patriot հակաօդային պաշտպանության հրթիռներ ձեռք բերելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հավելել է, որ ԵՄ-ն Կիևի իշխանությունների հետ նաև աշխատում է Freya համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման ուղղությամբ։ Եվրոպական լրատվամիջոցների տեղեկություններով՝ այն համակարգ է, որը համատեղում է Ս-300 համալիրի տարրերը, դրա հիման վրա ստեղծված կալանիչները, ինչպես նաև եվրոպական ռադարներն ու կառավարման համակարգերը։
Ֆոն դեր Լայենը և Ռյուտեն նաև խոստացել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ու զինամթերքի նոր մատակարարումներ Կիևի իշխանություններին։