Տևական, կայուն ու իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել՝ անտեսելով Արցախի հայության հիմնարար իրավունքները, այդ թվում՝ անվտանգ և հավաքական հնարավոր վերադարձի իրավունքը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ Արցախի անկախության օրվան նվիրված հայտարարությունում։
Կուսակցությունը հիշեցրել է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը, հիմնվելով առկա իրավական, այդ թվում՝ միջազգային իրավական հիմքերի վրա, իրացրել է ինքնորոշման իրավունքը։ Հայտարարության համաձայն՝ այդ գործընթացը հետագայում բազմիցս արձանագրվել և գնահատվել է միջազգային կազմակերպությունների ու դիտորդների կողմից։
«Ուժեղ Հայաստանը» նշել է, որ Արցախի ամբողջական հայաթափման և էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված արցախահայերը Հայաստանում շարունակում են բախվել բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրների։ Կուսակցության գնահատմամբ՝ դա վկայում է պետական քաղաքականության և սոցիալական ծրագրերի արդյունավետության հետ կապված լուրջ խնդիրների մասին։
«Մեր հանձնառությունը պետք է լինի հստակ՝ ապահովել մեր հայրենակիցների անվտանգ, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքը Հայաստանի Հանրապետությունում», – ասված է հայտարարությունում։
Կուսակցությունը միաժամանակ ընդգծել է Արցախի հայության սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության, ինչպես նաև այլ հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
«Ուժեղ Հայաստանը» նաև անդրադարձել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ գերիների հարցին։ Կուսակցությունը նրանց վերադարձը Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է համարել։
«Այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ Բաքվի բանտերում՝ փաստացի որպես պատանդ։ Բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց վերադարձը հայրենիք պետք է լինի Հայաստանի իշխանությունների առաջնային արտաքին քաղաքական օրակարգերից մեկը։ Ցավոք, այսօր մենք ականատես ենք լինում հակառակ պատկերին», – ասված է հայտարարությունում։
Կուսակցությունը քննադատել է նաև իշխանությունների հռետորաբանությունը՝ հայտարարելով, որ իշխանությունների կողմից հնչող և խրախուսվող ատելության խոսքը հասարակության պառակտման և բևեռացման դրսևորում է։
Այսօր լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 35-րդ տարեդարձը։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
