ԱՄՆ-ի հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել – armeniatoday.am

Իրանի Հորմոզգան նահանգի Սիրիք շրջանում հարսանեկան արարողության ժամանակ ԱՄՆ-ի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, վիրավորվել է 68 մարդ, հայտնել է Հորմոզգանի նահանգապետարանի քաղաքական, անվտանգության և սոցիալական հարցերով տեղակալ Ահմադ Նաֆիսին։

Հարվածը հասցվել է Սիրիքի շրջանի Քուհեսթաք քաղաքում գտնվող բնակելի տանը, որտեղ այդ պահին հարսանեկան արարողություն էր անցկացվում։ Իրանական կողմի ավելի վաղ տվյալներով՝ զոհվել էր 2 մարդ, վիրավորվել՝ 50-ը։ Ավելի ուշ զոհերի և վիրավորների թիվը աճել է։

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային տեղի ունեցածը որակել է «պատերազմական հանցագործություն» և հայտարարել, որ Իրանը պատասխանելու է նման գործողություններին։

«Իրանը վճռականորեն կպատասխանի այս վայրագ հանցագործություններին։ Սակայն այն կառավարություններն ու միջազգային կառույցները, որոնք լռում են նման բարբարոսության առջև կամ փորձում արդարացնել նման գործողությունները, պետք է հասկանան, որ նրանց լռությունը չեզոքություն չէ», – գրել է Բաղային իր X էջում։

Իրանական աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ի վերջին հարվածները թիրախավորել են նաև Հորմոզգանի այլ շրջաններ, այդ թվում՝ Մինաբը և Ղեշմը։ Թեհրանը ԱՄՆ-ին մեղադրում է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներ իրականացնելու մեջ։

Իրանի Կարմիր մահիկի Հորմոզգանի բաժանմունքի ղեկավարի տվյալներով՝ տուժածների մեծամասնությունը կանայք ու երեխաներ էին։ Կազմակերպությունը հայտնել է, որ դեպքի վայր են անմիջապես ուղարկվել Կարմիր մահիկի և շտապօգնության օպերատիվ խմբերը, իսկ փրկարարական աշխատանքներն ու տուժածներին օգնության տրամադրումը շարունակվել են։ Զոհերի թվում փոքրահասակ երեխա է եղել։

ԱԱմերիկյան կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), իր հերթին, հայտնել է, որ սեպտեմբերի 1-ին հարվածներ է հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմական թիրախներին՝ հակաօդային պաշտպանության և ռադիոլոկացիոն համակարգերին, ծովային օբյեկտներին, ականապատման հնարավորություններին և կապի ենթակառուցվածքներին։ Ամերիկյան կողմը նշել է, որ քաղաքական օբյեկտներ չի թիրախավորում։

Leave a Comment