Ռուսաստանը ցանկանում է ավարտել, ոչ թե սառեցնել Ուկրաինայի հակամարտությունը․ Պուտին

Ռուսաստանը ցանկանում է ոչ թե սառեցնել Ուկրաինայի հակամարտությունը, այլ ավարտել այն և հասնել երկարատև խաղաղության, Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք չենք ցանկանում սառեցնել այն։ Մենք ցանկանում ենք վերջ դնել պատերազմին և հասնել երկարատև, լիարժեք խաղաղության Ուկրաինայում և Եվրոպայում։ Մենք պատրաստ ենք այս բանակցային գործընթացին բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են դա անել»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով Ղազախստանի նախագահի՝ շփման գծում հակամարտությունը սառեցնելու առաջարկի վերաբերյալ հարցին։ Նրա խոսքերը փոխանցում է «Ինտերֆաքսը»։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի գործընկերները քննարկում են իրավիճակի կարգավորման հնարավորությունները, սակայն Մոսկվայի նկատմամբ «չափազանց մեծ ճնշում» չեն գործադրում։

Նույն ասուլիսի ընթացքում Պուտինը նաև հերքել է Ռուսաստանում ռազմական մոբիլիզացիայի նոր ալիքի հնարավորության մասին տեղեկությունները։

«Դա մաքուր անհեթեթություն է։ Սա տեղեկատվական հարձակում է Ռուսաստանի վրա»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով սեպտեմբերյան ընտրություններից հետո Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հնարավոր ալիքի մասին հաղորդագրությունները։

Leave a Comment